ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հիմնվելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման պահանջների վրա, բազմիցս հորդորել է զանգվածային լրատվամիջոցներին, անհատներին կամ առանձին քաղաքական վերլուծաբաններին զերծ մնալ զանգվածային լրատվամիջոցներով կամ հրապարակային բնույթ կրող այլ եղանակներով ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող, հանրության ներքին միասնությունը խաթարող տեղեկություններ տարածելուց, սակայն այդուհանդերձ որոշ անձինք, նույնիսկ պատերազմական իրավիճակներում, շարունակում են սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասելու անթույլատրելի վարքագիծը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:
Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ
Ի հավելումն հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով ադրբեջանական կողմից կատարվող զանգերի և կեղծ լուրեր տարածող հաղորդագրությունների վերաբերյալ նախորդ հայտարարության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշակի երևույթներ են նկատվում նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող բջջային ցանցերի այլ հեռախոսահամարներից ևս: