Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Գիտաուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2003 թվականին՝ 1993 թվականին ստեղծված Բարձրագույն դասընթացների բազայի վրա։
Կենտրոնը հանդիսանում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման ժամանակակից գիտակրթական հաստատություն, որտեղ ուսուցում են ստանում
ՀՀ ԱԱԾ սպայական, ենթասպայական և շարքային կազմերը։
Ուսումնական գործընթացն իրականացվում է ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ տեսանյութերի, սխեմատիկ և գրաֆիկական սահիկաշարերի (պրեզենտացիաների), հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական աշխատանքի մեթոդաբանությունն ու առանձնահատկությունները ներկայացնող մասնագիտական ուսումնական ֆիլմերի օգտագործմամբ։ Լսարանները վերազինված են ժամանակակից տեխնիկական միջոցներով, ունկնդիրների տրամադրության տակ են մշտապես համալրվող գրադարանային ֆոնդերը և ընթերցասրահը։
Կենտրոնն ակտիվորեն մասնակցում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովմանն առնչվող հայեցակարգերի մշակմանը։ Մշտապես իրականացվում է տեսական և գործնական գիտելիքների դասավանդում հակահետախուզական, ռազմական հակահետախուզական, տնտեսական, տեղեկատվական անվտանգության ապահովման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, քրեական ենթամշակույթին և կազմակերպված հանցավորությանը հակազդելու և այլ հրատապ ուղղություններով:
Ներդրված է գիտելիքների ստուգման թվային տեխնոլոգիաների կիրառմամբ թեստային համակարգ։
Ուսումնական գործընթացի շարունակական արդիականացման շրջանակներում ՀՀ ԱԱԾ ղեկավարության որոշմամբ 2025 թվականից ներդրվել է մասնագիտական կադրերի պատրաստման նոր մոդել, որն ուղղված է ուսուցման անհատականացմանը, ունկնդիրների ներգրավվածության և մոտիվացիայի բարձրացմանը՝ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրմամբ։
Կենտրոնում 2024 թվականից գործում է «Սահմանապահ ծառայության» ամբիոնը, որն իրականացնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վերապատրաստման ծրագրեր՝ մեծ կարևորություն տալով միջազգային համագործակցությանը և տարբեր երկրների հետ փորձի փոխանակմանը։
Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով ներդրվել են համակարգչային տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս ԱԱԾ աշխատակիցներին առանց ծառայությունից կտրվելու մասնակցել ուսումնական ծրագրերին և օգտվել ուսումնական նյութերի արխիվից։
Կենտրոնի գործունեության կարևոր ուղղություններից է գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և գիտական գործունեության զարգացումը։ ՀՀ ԱԱԾ նպատակային հայտերի հիման վրա ասպիրանտուրայում կամ որպես գիտական աստիճանի հայցորդ ուսումնառած Ծառայության մի շարք աշխատակիցներ հաջողությամբ պաշտպանել են ատենախոսություններ և ստացել գիտությունների թեկնածուի (դոկտորի) գիտական աստիճան։ Միաժամանակ կարևորվում է գիտական հետազոտությունների զարգացումը և Կենտրոնի աշխատակիցների մասնակցությունը առաջատար գիտական կենտրոնների ու գործընկեր հատուկ ծառայությունների կողմից կազմակերպվող գիտաժողովներին։
Գիտակրթական փորձի փոխանակման, Կենտրոնում դասավանդվող առարկաների շրջանակներում առանձին թեմաներով դասախոսություններին փորձառու գիտաշխատողների ներգրավման նպատակով Կենտրոնը համագործակցում է Հանրապետության առաջատար գիտակրթական հաստատությունների, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ։
Կենտրոնի գործունեության կարևոր ուղղություններից է նաև Հայաստանի անվտանգության մարմինների պատմության ուսումնասիրումը, որի շրջանակում գործում է Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանը, բացված՝ 2006 թվականին։ Թանգարան այցելում են ինչպես Ծառայության աշխատակիցներ, այնպես էլ հյուրեր Հանրապետությունից և արտերկրից: