Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք:
Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Իրանից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ՀՀ ներմուծելու և ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով ԻԻՀ քաղաքացի, Հայաստանում բնակվող Ս.Բ.-ի հետ, Իրանում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով ափիոն, մետամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել են հագուստի ու մարմնի մեջ և 2018 թվականի ապրիլի 29-ին Թեհրան-Երևան չվերթով տեղափոխել Հայաստան։ Այնուհետև, մաքսանենգություն կատարած անձինք դուրս գալով «Զվարթնոց» օդանավակայանից, թմրամիջոցները փոխանցելու նպատակով փորձել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` իրացնելու նպատակով) հատկանիշներով:
Վերը նշված երեք անձինք ձերբակալվել են։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։