ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ
ԳՈւԿ նորություններ
03-02-2026
2024 թվականից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը վերապահվել է ՀՀ ԱԱԾ ԳՈՒԿ-ի «Սահմանապահ ծառայության» ամբիոնին: Սկսած 2024 թ.-ից ԳՈՒԿ-ը սերտ համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելության գրասենյակի հետ: Նշված համագործակցության արդյունքում՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄՄԿ կողմից իրականացվող «Սահմանների կառավարման կարողությունների ամրապնդում Հայաստանում», ինչպես նաև «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրերի շրջանակներում սահմանապահների կրթական մակարդակը և կարողությունները բարձրացնելու նպատակով ԳՈՒԿ-ի «Սահմանապահ ծառայության» ամբիոնին ցուցաբերվել է տարատեսակ աջակցություն՝ նվիրաբերվել է գույք, ժամանակակից տեխնիկա, դասախոսական կազմի համար կազմակերպվել են տարատեսակ դասընթացներ միջազգային փորձագետների ներգրավմամբ, իրականացվել է ճանաչողական այց Ալբանիայի Հանրապետություն՝ սահմանային կառավարման փորձի ուսումնասիրման, ինչպես նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության ծառայության՝ FRONTEX-ի ծրագրերով սահմանապահներ պատրաստելու և վերապատրաստելու ուսումնական գործընթացներին ծանոթանալու նպատակով:
Վերոնշյալ ծրագրերի կատարումը և արդյունավետությունը գնահատելու նպատակով վերջերս ՄՄԿ-ի միջոցով ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոն են այցելել միջազգային փորձագետներ (գնահատող խումբ), որոնք ուսումնասիրել են կատարված աշխատանքները, ծանոթացել սահմանապահների ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը, արձանագրել, որ համագործակցությունը տվել է դրական արդյունքներ և արդյունավետությունը բարձր է գնահատել: ՄՄԿ ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ գնահատող խմբի այցելությունից հետո որոշում է կայացվել 2026 թ. ապրիլ ամսից շարունակել ՀՀ ԱԱԾ ԳՈՒԿ-ում սահմանապահների առավել համընդգրկուն վերապատրաստման և ուսումնական գործընթացների համար տեխնիկական աջակցության ծրագրերի ֆինանսավորումը: