ԱԱԾ հաղորդագրություններ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ով շնորհավորեց Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց նախորդ տարում Ազգային անվտանգության ծառայողների միասնական աշխատանքի առավել նշանակալի արդյունքները` ըստ գործունեության հիմնական ուղղությունների: ԱԱԾ տնօրենը նշեց, որ Ծառայությունում 2025 թվականը լի էր տարատեսակ անվտանգային սպառնալիքներով և հետևաբար հագեցած տարի էր Ազգային անվտանգության մարմինների համար:
ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձավ պետական սահմանի պահպանությանը և նշեց, որ նախորդ տարվա ընթացքում Սյունիքի մարզի Սահմանապահ զորքերի կողմից պահպանվող տեղամասում շահագործման է հանձնվել 4 սահմանապահ ուղեկալ: 2025թ. հունվարի 1-ից պետական սահմանի «Ագարակ» անցման կետերում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացվում է միայն Սահմանապահ զորքերի ուժերով: Փետրվարի 28-ից ՀՀ պետական սահմանի «Մարգարա» անցման կետերում ծառայությունն իրականացվում է ևս Սահմանապահ զորքերի ուժերով:
Անդրանիկ Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեխնիկական առաջընթացի, մարդկային ռեսուրսների զարգացման, կազմակերպակառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, անձնակազմի համար մրցունակ սոցիալական երաշխիքներ և մոտիվացիոն արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով 2025թ. շրջանառվել է Ծառայության բարեփոխումների ռազմավարության և գործողությունների հնգամյա ծրագրի նախագիծը, որի իրագործման արդյունքում կապահովվի Ծառայության կայուն զարգացումը, արդի մարտահրավերներին լավագույնս դիմակայելու կարողությունը:
Ամփոփելով 2025թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը փաստեց, որ Ազգային անվտանգության ծառայության՝ պետական կառավարման համակարգում ունեցած առանձնահատուկ դերն ու առաքելությունը միաժամանակ պարտավորեցնում է գիտակցել և արձանագրել բոլոր հնարավոր բացթողումներն ու թերացումներն աշխատանքի ընթացքում, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
Անդրանիկ Սիմոնյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին և Կառավարությանը՝ Ծառայության նկատմամբ ցուցաբերած վստահության և առկա խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու դրանց լուծմանը հետամուտ լինելու համար:
Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուններից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից»։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը և բոլոր նպատակների, գործողությունների կենտրոնում և առանցքում դրվել է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ «Եվ շատ կարևոր է, որ պետությունը՝ անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան, թիկունք։ Սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը և զարգացումն ապահովելու համար»,– ընդգծել է վարչապետը։
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին պարգևատրեց հուշամեդալներով և պատվոգրերով:
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2026 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։