ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենին
ԱԱԾ հաղորդագրություններ
30-06-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա զարգացման ռազմավարության նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կընդունվի և կապահովի ծառայության հետագա ընթացքը և զարգացումը:
ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանն իր հերթին շնորհավորեց նորանշանակ ԱԱԾ տնօրենին, միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին՝ ցուցաբերած բարձր վստահության համար:
«Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս բարդ մարտահրավերներով լի տարիները միասին անցնելու համար: Վստահ եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը նույն բարեխղճությամբ և նույն ոգով շարունակելու է Ծառայությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման»,- ասաց Ա. Աբազյանը։
Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում՝ ավելի քան չորս տարի զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը:
ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին՝ ասաց. «Գիտակցելով պատասխանատվության ողջ էությունը՝ ցանկանում եմ փաստել, որ մեծագույն պատիվ է հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում ծառայել Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Վստահեցնում եմ Ձեզ, որ Ծառայության պրոֆեսիոնալ անձնակազմի հետ կատարելու ենք օրենսդրությամբ մեր առջև դրված բոլոր խնդիրները»:
ԱԱԾ տնօրենը ելույթի ավարտին շնորհակալություն հայտնեց նաև նախկին տնօրեն Արմեն Աբազյանին՝ Հայաստանի Հանրապետությանը բերած իր ծառայությունների համար:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև Կառավարության որդեգրած ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հիմնական երեք գործառույթների կարևորությունը, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: «Կարծում եմ՝ Կառավարությունն էլ բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի ծառայությունը կարողանա կենտրոնանալ այս գործառույթների վրա։ 2018 թվականից ի վեր, այսօրվա դրությամբ ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է»,- նշել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով օրերս պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»:
Վարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը կշարունակի ԱԱԾ գործունեության արդյունավետության բարձրացման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, պետականության, նրա ժողովրդի, քաղաքացիների և ապագայի։