Պատմություն

   Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունն իր բոլոր կտրուկ շրջադարձերով և, ի վերջո, դեպի Հայոց երկրի անկախությանը տանող քարքարոտ, արյունալի, բայց հերոսական ճանապարհով անխզելիորեն կապված է հազարամյակների խորքից ձգվող մեր ժողովրդի պատմության հետ:

    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս ուրարտական ժամանակաշրջանում (Ք.ա. IX-VII դդ.) հետախուզական ու հակահետախուզական գործունեությունը դրված է եղել պետական հիմքերի վրա ու հանդիսացել է պետական գործունեության ուղղություններից մեկը: Հին և Միջնադարյան Հայաստանում անվտանգության հարցերով զբաղվել են ինչպես ամբողջական պետական մարմիններ (նախարարություններ, գործակալություններ), այնպես էլ առանձին պետական պաշտոնյաներ: Ուշադրության կենտրոնում է գտնվել նաև ռազմական և այլ գաղտնիքների պահպանությունը:

   1375թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից մինչև 1918թ. մայիսյան հերոսամարտերի արդյունքում Առաջին Հանրապետության վերհառնումն ընկած ժամանակաշրջանը հայկական պետականությունը կորցնելու ամենամեծ և տևական փորձությունն էր, որը, սակայն, ի զորու չեղավ ոչնչացնել այն վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքը:

    Արխիվային տվյալները թեև սուղ են, բայց հիմք են տալիս եզրակացնելու, որ Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության համակարգի անբաժանելի մասն են կազմել հատուկ ծառայությունները: 1918-20թթ. դժվարին պայմաններում այդ կարևոր կառույցը չհասցրեց դառնալ լիովին ինքնուրույն ծառայություն, այլ գործեց որպես ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունք, որը երկուսուկես տարիների ընթացքում ունեցել է 4 պետ՝ գնդապետ Ալեքսանդր Շնեուր (սկզբնավորումից մինչև 1919թ. սեպտեմբեր), կապիտան Վահագն Մուրադյան (1919թ. սեպտեմբերից -1920թ. ապրիլ), կապիտան Տիգրան Դևոյանց (1920թ. ապրիլ-հունիս), պոդպորուչիկ Միքայել Դոդոխյան (1920թ. հուլիսից մինչև հանրապետության անկումը):

  Հայաստանի Առաջին Հանրապետության հատուկ ծառայությունների գործունեության առանցքը կազմել է պայքարը Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական գործունեության դեմ: Փոքրաքանակ կադրային ռեսուրսներով և սուղ հնարավորություններով ձեռք են բերվել անհրաժեշտ տեղեկություններ Անդրկովկասում ուժերի դասավորության, զորքերի տեղաշարժի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայքայիչ գործողությունների վերաբերյալ: Բացահայտվել են մի շարք ադրբեջանական լրտեսներ, այդ թվում վնասազերծվել և որպես անցանկալի անձ երկրից արտաքսվել է դիվանագիտական ծածկաքողի տակ լրտեսական գործունեությամբ զբաղվող Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը:

    Հետախուզական բաժանմունքը փորձում էր աշխատանքներ ծավալել նաև արտասահմանում, որը կազմակերպելու համար օգտագործվում էին արտաքին գործերի նախարարության հնարավորությունները:

    Ցավով պետք է արձանագրել, որ հետախուզության և հակահետախուզության գործը տարբեր պատճառներով իր հետագա տրամաբանական ծավալումը չստացավ, ինչը նույնպես աղետալի դեր ունեցավ հանրապետության կործանման գործում:

    1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, իսկ արդեն դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (ЧК) ստեղծմանը:

    Ելնելով բոլշևիկյան գաղափարախոսությունից՝ նոր ձևավորվող մարմինների առջև դրված էին մասնավորապես հետևյալ խնդիրները՝ <պայքար հակահեղափոխության, սպեկուլյացիայի և ի պաշտոնե հանցագործությունների դեմ

    ՀԽՍՀ ԱՀ-ի առաջին նախագահ է նշանակվում Նիկոլայ Եմելյանի Այվազովը (Այվազյան): 1921թ. հունվարին այն արդեն ղեկավարում էր ճանաչված բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը (մինչև 1924 թ.), որի տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929թթ. ղեկավարել է համակարգը): 1929թ. մարտից մինչև 1930թ. հոկտեմբեր ՀԽՍՀ ՊՔՎ-ում մեկը մյուսին փոխարինեցին Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օտյանը, որոնք, այդ թվում նաև նրանց նախորդած Սերգեյ Մելիք-Օսիպովը այնուհետ դարձան 1937-1938 թթ. ստալինյան բռնաճնշումների զոհեր:

    Խորհրդային պետանվտանգության մարմինները, դրանց կազմում նաև Խորհրդային Հայաստանի համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար վերածվում էին պատժիչ քաղաքականության գործիքի: Միայն 1937-38 թթ. Հայաստանում դատապարտվել է 8104 մարդ, որոնցից 4530-ը՝ գնդակահարության, ընդ որում լրտեսության, բանդիտիզմի և ահաբեկչության համար դատապարտյալների ընդհանուր թիվը եղել է 249 մարդ, այսինքն՝ դատապարտվածների ընդամենը 3,07%-ը:

   Հայրենական պատերազմի տարիներին որոշակի փոփոխություններ են տեղի ունենում անվտանգության համակարգի կառուցվածքում: 1941թ. փետրվարին ԽՍՀՄ ՆԳԺԿ-ից անջատվեց ԽՍՀՄ պետական անվտանգության Ժողովրդական կոմիսարիատը (ՊԱԺԿ), սակայն 1941թ. հուլիսին այդ կառույցները կրկին միավորվեցին ՆԳԺԿ-ի կազմում: 1943թ. ապրիլին նրանք նորից անջատվեցին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարել է գեներալ-մայոր Գեորգի Իոսիֆի Մարտիրոսովը: Նա մեծ ավանդ ունի պատերազմի ժամանակահատվածում հանրապետության պետական անվտանգության ապահովման գործում: Գ. Ի. Մարտիրոսովը 1952թ. օգոստոսի 15-ից 1954թ. ապրիլի 26-ը երկրորդ անգամ է ղեկավարել Հայաստանի անվտանգության մարմինները: 

    Պատերազմական և հետպատերազմյան տարիներին Հայաստանի պետանվտանգության մարմիններում ծառայել են Մեծ Հայրենականի ավելի քան 260 մասնակիցներ, որոնք քաջաբար մարտնչել են տարբեր ռազմաճակատներում:

    1945-1947թթ. ՀԽՍՀ Պետանվտանգության մարմինները ղեկավարել է գնդապետ Նիկիտա Արկադիի Քրիմյանը, 1947-1952թթ.՝ Պետանվտանգության նախարար Սերգեյ Արկադիի Կորխմազյանը:

    1954թ. մարտի 13-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունն որոշում ընդունեց Պետական անվտանգության կոմիտե (ՊԱԿ) կազմավորելու մասին: 1954-1972թթ. ՀԽՍՀ ՆԽ-ին առընթեր ՊԱԿ-ը ղեկավարել է Գեորգի Արտաշեսի Բադամյանցը, 1972-1977 թթ.՝ Արկադի Պավելի Ռագոզինը, 1977-1978թթ.՝ Հրայր Ավանեսի Միքայելյանը,1978-1988թթ.՝ Մարիուս Արամի Յուզբաշյանը, 1988-1991թթ.՝ Վալերի Գեորգիի Բադամյանցը:

   1991թ.  սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով Հայաստանի անկախությունը դարձավ իրականություն, և սկզբից ևեթ օրակարգային դարձավ անվտանգության մարմինների վերակազմավորման հիմնախնդիրը:

    1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված ՀՀ կառավարության կառուցվածքի և կազմի մասին օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության, որի պետ նշանակվեց գեներալ-մայոր Հուսիկ Սուրենի Հարությունյանը (պաշտոնավարել է 1991-1992թ. փետրվար): 

   Նորանկախ պետությանն իրենց նվիրվածությունը, ինչպես նաև գործունեության բացառիկ նշանակությունը պետանվտանգության մարմինների աշխատակիցներն ապացուցեցին Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի համար մղված մարտերում: Մարտական գոծողությունների մասնակցի կարգավիճակ ունեն ՀՀ ԱԱ ծառայության գործող և զորացրված 218 աշխատակիցներ: ԱԱ մարմինների աշխատակիցների կարևորագույն ձեռքբերումներից է Ադրբեջանի կազմում Հայաստանի և Արցախի դեմ կռվող աֆղան մոջահեդների, օտարերկրյա այլ վարձկանների, գործակալների մասնակցության բազմաթիվ դեպքերի բացահայտումը:

   ԱԱՊՎ պետի պաշտոնում Հ. Հարությունյանին հաջորդեցին գեներալ-մայոր Վալերի Վաղարշակի Պողոսյանը (1992-1993թթ.), գեներալ-մայոր Էդուարդ Գրիգորի Սիմոնյանցը (1993-1994թթ.), Դավիթ Գուրգենի Շահնազարյանը (1994-1995թ. մայիս ամիսը): 1995թ. ՀՀ ԱԱՊՎ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության նախարարության: ՀՀ ԱԱ նախարար նշանակվեց Սերժ Ազատի Սարգսյանը: 1996թ. նոյեմբերի 8-ին ՆԳՆ-ն և ԱԱՆ-ն միավորվեցին ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության (ՀՀ ՆԳ և ԱԱՆ): Այդ կառույցը շարունակեց ղեկավարել Ս. Սարգսյանը (պաշտոնավարել է 1995-1999թ. նոյեմբեր ամիսը): ՆԳ և ԱԱ նախարարությունը 1999թ. նոյեմբերի 13-ին կրկին տարանջատվեց ՆԳՆ-ի և ԱԱՆ-ի: 1999թ. նոյեմբերին ԱԱ նախարար նշանակվեց Կառլոս Խաչիկի Պետրոսյանը (պաշտոնավարել է 1999թ. նոյեմբերից մինչև 2004 թ. նոյեմբերի 5-ը):

   ՀՀ նախագահի հրամանագրով 2002թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱՆ-ը վերակազմավորվեց ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության: 2004թ. նոյեմբերի 8-ից մինչև 2016թ. փետրվարի 12-ը ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ-ն ղեկավարում էր գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը: 2016թ. փետրվարի 12-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն է նշանակվել Գեորգի Կարենի Կուտոյանը և պաշտոնավարել մինչև 2018թ. մայիսի 10-ը:

    2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արթուր Գագիկի Վանեցյանը:

  ՀՀ ԱԱ մարմինների նորագույն պատմությունը նշանավորվեց թշնամաբար տրամադրված որոշ պետությունների, կազմակերպությունների ու առանձին անձանց հետախուզական և քայքայիչ գործունեությունն ի հայտ բերելու, կանխարգելելու և խափանելու ուղղությամբ գրանցված հաջողություններով, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալների բացահայտումներով: Ընդհանուր առմամբ՝ 1991-2018թթ. ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից հարուցվել և քննվել է ավելի քան 1800 քրեական գործ: 23 անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել ՀՀ դեմ հետախուզական և ահաբեկչական բնույթի գործունեության համար:

   2018 թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության նոր կանոնադրությունը և կառուցվածքը: Բացի Ծառայության գործունեության ավանդական ուղղություններից ուրվագծվել է տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիային ինստիտուցիոնալ մակարդակով հակազդելու գործառույթը:

 

 Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավարները

 

Այվազյան Նիկոլայ Եմելյանի /1889-1937թթ./
ԱՀ նախագահ /1920թ. դեկտեմբերի 6- 1921թ. հունվար/

Ամիրխանյան Շավարշ Մեհրաբի /1894-1959թթ./
ԱՀ նախագահ /1921թ. փետրվարի 9- 1924թ. մայիս/

Մելիք-Օսիպով Սերգեյ Դմիտրիի /1882-1937թթ./
ԱՀ նախագահ /1924թ. նոյեմբեր- 1929թ. հունվար/

Մարգարյան Սեդրակ Նիկոլայի /1898-1937թթ./
ՊՔՎ նախագահ /1929թ. մարտ- նոյեմբեր/


Պետրոսյան Հայկ Գրիգորի /1897-1938թթ./
ՊՔՎ նախագահ /1929թ. նոյեմբեր- 1930թ. մայիս/

Օտյան Սեդրակ Գևորգի /1898-1937թթ./
ՊՔՎ նախագահ /1930թ. մայիս-հոկտեմբեր/

Աբուլյան Արմենակ Գերասիմի /1895-1935թթ./
ՊՔՎ նախագահ /1930թ. հոկտեմբեր- 1934թ. հուլիս/

Մուղդուսի Խաչիկ Խլղաթի /1898-1938թթ./
ՆԳԺԿ պետ /1934թ. հուլիս - 1937թ. հունվար/,ՊԱ-ի մայոր

Խվորոստյան Վիկտոր Վասիլիի /1903-39թթ./
ՆԳ ժողկոմ /1937թ. հոկտեմբեր- 1939թ. փետրվար/ ՊԱ-ի մայոր

Կորոտկով Ալեքսեյ Վասիլիի /1906-45թթ./
ՆԳ ժողկոմ /1939թ. փետրվար- 1941թ. փետրվար/, ՊԱ ժողկոմ /1941թ. փետրվար- հուլիս/

Մարտիրոսով Գեորգի Իոսիֆի /1906-77թթ./
ՆԳ ժողկոմ /1941-43թթ./, ՊԱ ժողկոմ /1952-53թթ./, ՆԳ նախարար 1953-54թթ./ գեներալ-մայոր

Քրիմյան Նիկիտա Արկադիի /1913 -1955թթ//
ՊԱ ժողկոմ-ՊԱ նախարար /1945-47թթ./ գնդապետ

Կորխմազյան Սերգեյ Արկադիի /1912-74թթ./
ՊԱ նախարար /1947-1952թթ./ գնդապետ

Բադամյանց Գեորգի Արտաշեսի /1910-1988թթ./
ՀԽՍՀ ՆԽ առընթեր ՊԱԿ նախագահ /1954-72թթ./ գեներալ-լեյտենանտ

Ռագոզին Արկադի Պավելի /1918-98թթ./
ՀԽՍՀ ՆԽ առընթեր ՊԱԿ նախագահ /1972-77թթ./ գեներալ-լեյտենանտ

Միքայելյան Հրայր Ավանեսի /1920-95թթ./
ՀԽՍՀ ՆԽ առընթեր ՊԱԿ նախագահ /1977-78թթ./ գեներալ-մայոր

Յուզբաշյան Մարիուս Արամի /1924-93թթ./
ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ /1978-88թթ./ գեներալ-լեյտենանտ

Բադամյանց Վալերի Գեորգիի /ծնվ.1940թ. /
ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ /1988-91/ գեներալ-մայոր


Հարությունյան Հուսիկ Սուրենի /1945-2006/
ԱԱՊՎ պետ /1991-92թթ./ գեներալ-մայոր


Պողոսյան Վալերի Վաղարշակի /ծնվ.1944թ./
ԱԱՊՎ պետ /1992-93թթ./ գեներալ-մայոր

Սիմոնյանց Էդուարդ Գրիգորի /1937-2005թթ./
ԱԱՊՎ պետ /1993-94թթ./ գեներալ-մայոր


Շահնազարյան Դավիթ Գուրգենի /ծնվ. 1954թ./
ԱԱՊՎ պետ /1994-95թթ./


Սարգսյան Սերժ Ազատի /ծնվ. 1954թ./
ԱԱ նախարար /1995-96թթ./, ՆԳ և ԱԱ նախարար /1996-99թթ./

Պետրոսյան Կառլոս Խաչիկի /ծնվ. 1951թ./
ԱԱ նախարար /1999—2002թթ./, ԱԱԾ տնօրեն /2002-04թթ./ գեներալ-լեյտենանտ

Հակոբյան Գորիկ Գուրգենի /1946-2017թթ./
ԱԱԾ տնօրեն /2004-16թթ./ գեներալ-գնդապետ


Կուտոյան Գեորգի Կարենի /ծնվ. 1981թ./
ԱԱԾ տնօրեն /2016-18թթ./ գեներալ-մայոր

Վանեցյան Արթուր Գագիկի /ծնվ. 1979թ./
ԱԱԾ տնօրեն /2018թ./ գեներալ-մայոր

(ԱՀ - Արտակարգ հանձնաժողով,  ՊՔՎ - Պետական քաղաքական վարչություն, ՆԳԺԿ - Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, ՊԱԺԿ - Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատ, ՊԱՆ – Պետական անվտանգության նախարարություն, ՆԳՆ – Ներքին գործերի նախարարություն, ՊԱԿ – Պետական անվտանգության կոմիտե, ԱԱՊՎ – Ազգային անվտանգության պետական վարչություն, ԱԱՆ- Ազգային անվտանգության նախարարություն, ՆԳ և ԱԱՆ- Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարություն, ԱԱԾ- Ազգային անվտանգության ծառայություն)