31 դեկտեմբերի 2019

Բացահայտվել է թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը

Բացահայտվել է թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյան ծառայությունը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հաստատված ազգային ռազմավարության ծրագրի շրջանակներում հետևողական պայ­քար մղելով թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իր գործառույթների իրակա­նաց­ման շրջանակներում նպատակաուղղված քայլեր ձեռնարկելով դեպի հանրապետության տարածք թմրամիջոցների ապօրինի ներթափանցման ուղիները բացահայտելու և փակելու ուղղությամբ, բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացին, 2019թ. դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոց և համապատասխան փաթեթավորմամբ այն պահել իր մարմնում։ 2019թ. դեկտեմբերի 24-ին վերջինս Մոսկվա քաղաքից ինքնաթիռով ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանային անցակետով վերոնշյալ առանձապես խոշոր չափերով թմրամիջոցը ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով, սակայն մաքսային հսկողությունն անցնելուց հետո՝ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, առաջադրված մեղադրանքում մաքսանենգը իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական բնույթի ցուցմունքներ, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։