Գործառույթներ

III.     ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(քաղվածք՝ ՀՀ վարչապետի 2018 թ.հունիսի 28-ի Ա 860-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Կանոնադրության հավելված N1-ից)

16. Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն են՝

1)       հակահետախուզական գործունեության կազմակերպումն ու իրականացումը, հակահետախուզական միջոցառումների անցկացման և, դրանք իրականացնելիս, գաղտնի մեթոդների ու միջոցների օգտագործման կարգի որոշումը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ և կազմակերպություններ ներթափանցման կարգի սահմանումը.

2)       Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զինվորական կազմավորումների, ինչպես նաև դրանց կառավարման մարմինների մարտունակության և մարտական պատրաստության պահպանմանն ու ամրապնդմանն աջակցությունը.

3)       գաղտնի հիմունքներով համագործակցությունը դրա համար համաձայնություն տված անձանց հետ.

4)       Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության ստացումը, մշակումը և վերլուծումը, այդ վտանգի կանխատեսումը.

5)       իր իրավասության սահմաններում, իրավասու պետական մարմինների հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովմանը մասնակցությունը.

6)      Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն և դադարեցնելուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու տարածքից դուրս գալուն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը մասնակցությունը.

7)       Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածության պահպանումը.

8)      օրենքով սահմանված կարգով ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ իրականացվող միջոցառումներին մասնակցությունը.

9)      ազգային անվտանգության ծառայությունում գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգերի, տեղեկատվության պաշտպանության միջոցների (այդ թվում՝ նաև կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցների) ստեղծումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ազգային անվտանգության ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգի սահմանումը.

10)     իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, դրա կատարելագործման վերաբերյալ՝ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը վարչապետին, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանը մասնակցությունը, իր գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս՝ ազգային անվտանգության մարմինների մեթոդական ղեկավարումը.

11)      ազգային անվտանգության մարմիններում իսկական և պայմանական անվանումների կիրառման և շնորհման կարգի սահմանումը.

12)      Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ազգային անվտանգության ծառայությունում գործավարության և արխիվային գործի կազմակերպման միասնական պահանջների սահմանումը.

13)     մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումների և հաղորդումների կազմակերպումը.

14)     օրենքով սահմանված կարգով տեղեկատվական անվտանգության ոլորտում պետական վերահսկողության իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեության համակարգումը, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզությունների հակազդման կազմակերպման միասնական կարգի սահմանումը.

15)     պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում տեխնիկական հետախուզությունների հակազդման հատուկ միջոցառումների կազմակերպումը, իրականացումը և վերահսկումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերի ներդրման, ծրագրային ուղեկցման, պաշտպանական միջոցների փորձաքննության իրականացման ապահովումը.

16)     Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնահարցերի գիտական հետազոտությունների անցկացումը.

17)      հանցավոր ոտնձգություններից ազգային անվտանգության մարմինների զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի, այդ մարմիններին աջակցող անձանց, ազգային անվտանգության մարմինների քննչական ենթակայությանը վերապահված գործերով քրեական դատավարության մասնակիցների, նրանց ընտանիքների անդամների և հարազատների կյանքի, առողջության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև գույքի պաշտպանության ապահովումը.

18)     իր իրավասության սահմաններում, օրենքով սահմանված կարգով, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը և քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքումը.

19)     քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, իր իրավասության սահմաններում նրանց հանրագրերի, դիմումների և բողոքների քննարկումը.

20)     ազգային անվտանգության մարմինների աշխատողների, ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումների, շինությունների ու տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով պետական մարմինների և կազմակերպությունների փաստաթղթերի, քողարկման համար անհրաժեշտ այլ միջոցների օգտագործումը.

21)      հատուցմամբ կամ անհատույց օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար կադրերի պատրաստումը, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին.

22)     օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթերի՝ սահմանված կարգով պատրաստումը.

23)     սպառազինության և հատուկ տեխնիկայի, ստեղծվող սպառազինությանն ու հատուկ տեխնիկային ներկայացվող տեխնիկական պահանջների մշակմանը մասնակցությունը, սպառազինության և հատուկ տեխնիկայի կուտակման, պահպանման ու վերանորոգման, ինչպես նաև դրանց մատակարարման և վերանորոգման պատվերների տեղաբաշխումը.

24)     ազգային անվտանգության ծառայության իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում, փոխադարձության հիման վրա, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ համագործակցությունը և սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ օպերատիվ տեղեկությունների, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանակումը.

25)     օրենքով սահմանված կարգով հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը, հատուկ նշանակության հողերի օգտագործման կարգի, պաշտպանական գոտիների, հատուկ կարգավորման դրույթների, քաղաքաշինական գործունեություն ծավալելու կարգի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք ներկայացնելը.

26)     պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկությունների՝ օրենքով սահմանված կարգով ստացումը (այդ թվում առցանց)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.

27)     օրենքներին համապատասխան՝ այլ գործառույթների իրականացումը: