ՄՊՎ բաժնի մասին

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնագետների պատրաստման և վերապատրաստման բաժնի մասին

ՀՀ ԱԱԾ ՍԶ ուսումնական կենտրոնը հիմնվել է 1994 թվականին՝ սահմանապահ զորքերի հիմնադրման ժամանակաշրջանից պատրաստելով տարբեր մասնագետների ժամկետային և պայմանագրային զինծառայողների կազմից: Ուսումնական կենտրոնում յուրաքանչյուր տարվա ընթացքում շուրջ 1000 նորակոչիկներ անցնում են զինվորական ծառայության նախնական պատրաստության՝ «Երիտասարդ մարտիկի» դասընթացներ։

2018 թվականին կենտրոնի հենքի վրա կազմավորվել է ՍԶ մասնագետների պատրաստման  և  վերապատրաստման բաժինը: Ժամանակի ընթացքում բաժնի գործունեությունն ընդլայնվել է, և ներկայում այստեղ ուսանում են զինծառայողների տարբեր խմբեր՝ սպայական և ենթասպայական կազմեր, պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներ։

Մասնագետների պատրաստման և վերապատրաստման բաժնում իրականացվում է (նորակոչիկների) պարտադիր ժամկետային զինծառայողների ընդհանուր պատրաստություն։ Սահմանապահ զորքերի տարբեր խմբերի զինծառայողների հետ անցկացվում են դասընթացներ սահմանապահ զորքերի մարտավարության, սահմանային վերահսկողության մարմինների մասնագիտական պատրաստության, հասարակական-պետական պատրաստության, իրավական  պատրաստության և այլ ուղղություններով։ Մասնագիտական առարկաներից զատ սահմանային վերահսկողության մարմինների զինծառայողներին դասավանդում են նաև անգլերեն և ռուսերեն՝ պետական սահմանի անցման կետերում օտարերկրացիների հետ հաղորդակցման նպատակով։

Բաժնի մասնագիտացված լսարանները հագեցած են ժամանակակից տեխնիկայով և համապատասխան ծրագրային ապահովմամբ։ Դասընթացների ժամանակ զինծառայողները ծանոթանում են բոլոր սարքավորումների տեխնիկական բնութագրերին և զարգացնում դրանք օգտագործելու հմտությունները։

Բաժնում գործում է նաև օտար լեզուների մասնագիտացված լսարան՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, ինչպես նաև՝ համակարգչային լսարան, որտեղ զինծառայողները համապատասխան մոդուլների օգնությամբ անցնում են սահմանային վերահսկողությանն առնչվող տարբեր դասընթացներ: Դասընթացի ավարտին համակարգիչն է որոշում տվյալ զինծառայողի ստացած գիտելիքների մակարդակը ու թույլ տալիս անցնել հաջորդ փուլ։ Դասավանդման գործընթացը մշտապես ուղեկցվում է տեսանյութերի, գրաֆիկական, սխեմատիկ կամ այլ տեսակների շնորհանդեսների ցուցադրմամբ: Ցուցադրվում են մասնագիտական ֆիլմեր, ինչպես նաև դասընթացների ընթացքում որոշ նյութեր ներկայացնելիս առաջադրվում են տարբեր իրավիճակային խնդիրներ և կազմակերպվում դերային խաղեր։

Բաժինը մշտապես մշակում է տարբեր խմբերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման ծրագրեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ և այլն։

Միջազգային համագործակցության շրջանակներում ուսումնական գործընթացում (ինչպես նաև առցանց դասընթացներ) հաճախ ներգրավվում են միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ OSCE (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), ICMPD (Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն), UNHCR (ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ), IOM (Միգրացիոն միջազգային կազմակերպություն), ICRC (Կարմիր խաչի միջազգային կոմիտե), այդ թվում՝ բաժնի դասախոսական կազմի դասավանդման հմտությունների բարձրացման նպատակով։