Հարցազրույց ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի հետ - 24.09.2009
Վերջին ժամանակահատվածում որոշ ԶԼՄ-ներում և հեռուստա-ընկերությունների եթերում բարձրաձայնվում են հայ-վրացական սահմանի վերաբերյալ ինչ-ինչ հարցեր: Դրանց պարզաբանման համար դիմեցինք ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
– Պարոն Աբրահամյան ինչ կարգավիճակում է պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:
– Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետությունների միջև պետական սահմանը որոշող փաստաթղթային փաթեթը կազմված է դեռևս Խորհրդային Միության և այդ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման պահից մինչև 1991 թվականը կնքված պայմանագրային փասթաթղթերից: Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանը որոշող փաստաթղթային փաթեթը կազմված է 1920 թ. մինչև 1945թ. ձևավորված փաստաթղթերից, որոնցում նշված են հանրապետությունների սահմանների գրաֆիկական ուրվագծերն ու դրանց ճշգրտումները:
Ներկայիս սահմանագծման և սահմանազատման գործընթացը առնչվում է միայն Վրաստանի հետ ՀՀ պետական սահմանին:
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման պետական հանձնաժողովների գործընթացում համաձայնեցված է պետական սահմանի 160 կիլոմետր հատված:
Այսօր արդեն իրական տեսք է ստացել հայ-վրացական սահմանի ինժեներային կառուցապատման և տեխնիկական միջոցներով ապահովելու կառավարական ծրագիրը: Կառուցապատված է համաձայնեցված սահմանագծի 50 կմ հատվածը: Թերևս կատարված այս աշխատանքներն են, որ որոշ դեպքերում դժգոհություններ են առաջացրել: Սահմանամերձ շրջանների ազգաբնակչությունը մի տեսակ վերացական է վերաբերվում հայ-վրացական սահմանի գոյությանը: Մարդիկ տարիներ շարունակ ազատ ելումուտ են ունեցել, իսկ այսօր` կառուցվել են հսկիչ անցակետեր, ուր անհրաժեշտ է գրանցվել: Որոշ դեպքերում ենթարկվել զննման, սահմանափակվել է ազատ տեղաշարժը, տեղափոխվող բեռների տեսակն ու քանակը` այսինքն ենթարկվել օրենքով սահմանված մաքսային հսկողության և սահմանային վերահսկողության: Նրանց մոտ հոգեբանորեն չի ձևավորվել պետական սահմանի գաղափարը` իր ռեժիմային միջոցառումներով հանդերձ:
– Վերջերս մամուլում հայ-վրացական սահմանին տիրող իրավիճակի մասին հրապարակվեցին նյութեր, ուր մասնավորապես նշվում էին, թե սահմանին հակամարտություն է առաջացել, մարդիկ են ձերբակալվել, որ վրացական կողմը գրավել է հայկական տարածքներ:
– Առաջինը նշեմ, որ հայ-վրացական սահմանին գոյություն չունի հակամարտություն, չի գրանցվել որևիցէ արտառոց միջադեպ, վրաց սահմանապահների հետ չունենք որևէ խնդիր: Այդ հրապարակումները սկզբում հեղինակեցին վրացական, ադրբեջանական լրատվամիջոցներում, այնուհետև ալիքը հասավ Հայաստան: Դրանց հեղինակները չպարզելով տեղեկատվության իսկությունը, չխորանալով արծածվող հարցի կարևորության և նրբությունների մեջ, որպես գործի հմուտ մասնագետներ այնպիսի բաներ գրեցին, պարզապես զավեշտալի է: Տարբեր հեռուստաընկերությունների եթերից հնչեցին որոշ «փորձագետների» կարծիքներ, որոնք իրականում անտեղյակ են պետական սահմանում տիրող իրավիճակից, պետական սահմանի պահպանության կազմակերպման, սահմանագծման և սահմանազատման հարցերին և իրենց կարծիքը այնպես ձևակերպեցին, որ տպավորություն է ստեղծվում, թե հայ-վրացական սահմանը բարձիթողի վիճակում է և չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի ԽՍՀ և Վրաստանի ԽՍՀ վարչական սահմանը մինչև օրս մնացել է անփոփոխ և սահմանի պահպանությունը իրականացնում ենք այդ գծով:
Նման հաղորդումների հեղինակները թերևս չեն պատկերացնում, թե նման տեղեկատվությունը ինչպիսի բացասական ազդեցություն է ունենում թե հայ և թե վրացի սահմանապահների հեղինակությանը, ինչպես է ազդում սահմանամերձ շրջանների ազգաբնակչության կենսագործունեության և հոգեբանության վրա: Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա իրականում վրացական կողմը սահմանը խախտելու համար ձերբակալել է ազգությամբ հայ, Վրաստանի չորս քաղաքացիների, թե ինչու է աղմուկ բարձրացվում` անհասկանալի է: Գոյություն ունի պետական սահման և սահմանախախտները օրենքի ուժով, անկախ ազգությունից, պետք է ենթարկվեն պատասխանատվության:
– Մամուլում հաճախակի է բարձրացվում Բավրա գյուղի հողօգտագործման, եկեղեցու և գերազմանատան հարցը, ինչպես նաև դժգոհություններ են հնչում, որ հայ սահմանապահները արգելում են անտառահատման աշխատանքները:
– Հարցը վերաբերվում է սահմանի` դեռևս չհամաձայնեցված 105 կմ տեղամասի հատվածներից մեկին, որտեղ Բավրայի բնակիչները կատարում են խոտհունձի աշխատանքներ: Պայմանավորվել ենք վրաց սահմանապահների հետ մինչև սահմանազատման աշխատանքների ավարտը, արգելք չհանդիսանալ և թույլատրել շարունակել աշխատանքները: Անդրադառնալով այն ասեկոսներին, որ հին Բավրայի գերազմանատունն ու եկեղեցին հայտնվել են վրացական կողմում` հայտնեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, այն Հայաստանի Հանրապետության տարածքում է և բնակիչները հանգիստ առանց որևէ արգելքի այցելում են և գերեզմանատուն և եկեղեցի: Ինչ վերաբերում է սահմանային շերտում բնակչության կողմից անտառահատմանը, ապա պետք է նշեմ, որ սահմանապահների կողմից արգելվել է այն, քանի որ անտառտնտեսությունները ՀՀ կառավարության որոշումով սահմանված ժամկետներում ԱԱԾ տնօրենի հաստատմանը առ այսօր չեն ներկայացրել անտառօգտագործման միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:
– Ինչ միջոցառումներ եք կազմակերպում սահմանամերձ շրջանների բնակչության ռեժիմային սահմանափակումները ներկայումս թեթևացնելու համար:
– Հարկ եմ համարում նշել, որ ռեժիմային սահմանափակումներ իրականացվում են ինչպես մեր սահմանապահների, այնպես էլ վրաց սահմանապահների կողմից:
Սահմանային ռեժիմին վերաբերող բնակչության մոտ կուտակված հարցերը քննարկելու համար վերջերս կայացավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանապահ ծառայությունների ղեկավարների աշխատանքային հանդիպում, որին գործուն մասնակցություն ցուցաբերեցին հայ-վրացական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները: Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի մինչև սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտը Հայաստանի և Վրաստանի սահմանապահները կպահպանեն գործող պետական սահմանագիծը: Փաստացի հողօգտագործման հարցում պայմանավորվեցինք չխոչընդոտել սահմանային շերտում բնակչության գյուղատնտեսական և հողօգտագործման աշխատանքներին: Վրաստանի հայաբնակ Չանախչի, Ախքյորփի, Բրթաձոր և Խոժոռնի գյուղերի բնակչության Հայաստանի Հանրապետություն ելքն ու մուտքը պետական սահմանով արագ և համեմատաբար կարճ ճանապարհով իրականացնելու նպատակով պետական սահմանի այս տեղամասերում բացի «Գոգավան» և «Բագրատաշեն» գործող հսկիչ-անցագրային կետերից, ներկայումս գործում են ևս երկու հսկիչ կետեր` «Ախքյորփի» և «Ջիլիզա», որոնց կապիտալ շինարարությունը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջը:
Վրացական կողմի հետ համաձայնեցվել է նաև շարունակել պետական սահմանի վրա կատարվող ինժեներատեխնիկական և ճանապարհաշինարարական աշխատանքները, սահմանի գծի տեղայնությունը ճշտելիս` անհրաժեշտության դեպքում աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագիտացված (գեոդեզիական) ծառայություններին:
Պետական սահմանի խախտում արձանագրելու դեպքում` պայմանավորվել ենք 3 ժամվա ընթացքում մյուս կողմի տեղի սահմանապահ ստորաբաժանմանը իրազեկել փաստի մասին:
Զրույցի վերջում կցանկանայի ավելացնել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության սահմանային քաղաքականությունն ուղղված է մի կողմից պետական սահմանի անցման կետերով պարզեցված ազատ տեղափոխման և առևտրային փոխանակման սկզբունքների ներդրմանը, մյուս կողմից սահմանի առավելագույն արդյունավետ պահպանությանը:
Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի խնդիրը կայանում է ոչ միայն առանձին սահմանախախտների գործողությունները կանխելու, այլև պետական սահմանում պետության շահերը հուսալիորեն պաշտպանելու մեջ: Այն է` պայքար և հակազդում միջազգային ահաբեկչությանը և թմրաբիզնեսին, ապօրինի միգրացիային, մաքսանենգ գործունեությանը և Հայաստանի Հանրապետության տարածքը, որպես տարանցիկ ճանապարհ, հանցավոր նպատակներով օգտագործման կանխումը:
![]()

