Հարցազրույց ՀՀ ԱԱԾ Տնօրենի հետ - 05.09.2008


Ս.թ. սեպտեմբերի 2-ին Լ. Տեր-Պետրոսյանը իր ասուլիսի ընթացքում հրապարակել է փաստաթուղթ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու վերաբերյալ, որը տարբեր մեկնաբանությունների և շահարկումների տեղիք է տվել կապված ԱԱԾ գործունեության հետ:

– Միանգամից ասեմ, որ սույն «սենսացիոն» փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի նորմերին համապատասխան, Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու մասին որոշումը, ինչն ի դեպ գտնվում է վերջինիս նկատմամբ հարուցված թիվ 62202608 քրեական գործում և պատճենը տրված է իր փաստաբանին:


Ի՞նչ եք կարծում, կան որևէ հիմքեր սույն փաստաթղթի շուրջ աղմուկ բարձրացնելու և չի խախտվել արդյոք օրենքը:

– Լ. Տեր-Պետրոսյանի և նրա մերձավոր շրջապատի կողմից մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անհարկի շահարկումները ԱԱԾ-ի կամ դատարանի կողմից հակաօրինական գործունեություն ծավալելու մասին որևէ հիմք չունեն և ընդհակառակը, հենց սույն որոշման հիման վրա և մի շարք այլ օպերատիվ միջոցառումների իրականացման արդյունքում հանրությանը հայտնի դարձավ հանրապետության ներքաղաքական իրավիճակը դեպի ապակայունացում տանող ուժերի մի շարք պլանավորվող հակաիրավական գործողությունների մասին:


Պարոն տնօրեն, իսկ ինչու՞ է դատարանը բավարարել այդ որոշումը հենց ընտրությունների օրը` փետրվարի 19-ին:

– Շատ պարզ պատճառով` նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները ամբողջ նախընտրական արշավի ընթացքում կազմակերպվող հանրահավաքների և երթերի ընթացքում հնչեցնում էին քաղաքացիական անհնազանդությանը պատրաստ լինելու կոչեր անկախ ընտրությունների վերջնարդյունքից, Լ. Տեր-Պետրոսյանին նախապես հայտարարելով «հաղթած» թեկնածու, որպեսզի սկսած փետրվարի 20-ից կազմակերպեն հակաիրավական ակցիաներ, ինչի նպատակն էր ճնշում գործադրելով, այդ թվում չխորշելով բախումներից ու արյունահեղությունից, հաշվի չնստել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ, ամեն կերպ փորձելով իշխանության բերել Լ. Տեր-Պետրոսյանին, գործելով միայն մեկ սկզբունքով`նպատակը արդարացնում է «միջոցները»:

Ինչպես ցույց տվեցին հետագա ներքաղաքական զարգացումները փետրվարի 19-ից հետո հենց այդպես էլ վարվեցին պարոն Լ. Տեր-Պետրոսյանը և նրա ղեկավարած շարժումը, և սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ ընդունած որոշումը փետրվարի 19-ից վերահսկել «շարժումը» ճիշտ էր:


Պարոն Հակոբյան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 4-ի «168 ժամ» թերթի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «...ես չեմ կարող ապացուցել, որևէ հիմնավորում չունեմ, բայց և ես, և մեր աշխատողները ներքին համոզմունք ունեն, որ մարտի 1-ից հետո ինչ-որ ժամանակահատվածում մեզ էլ են գաղտնալսել»: Ինչպե՞ս կմեկնաբանեք մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

– Ինչպես հայտնի է, ս. թ. հուլիսին մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Ազգային անվտանգության ծառայությանը իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստակամություն հայտնեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցառւմներ այդ ուղղությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այդ դիմումի համար հիմք հանդիսացող որևէ կոնկրետ երևույթ կամ փաստ ներկայացնելու դեպքում: Սակայն պարզվեց, որ պարոն Հարությունյան անհանգստությունը առաջացել էր զուտ անհիմն ենթադրությունների վրա: Այս անգամ ևս մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես ինքն է նշում, չունենալով որևէ հիմնավորում, զուտ ենթադրություններ է անում:


Բայց չէ՞ որ թերթում նշված հայտարարության մեջ պարոն Հարությունյանը նշում է, որ ինքը ներքին համոզմունք ունի իրեն և իր աշխատողներին գաղտնալսելու մասին:

– Իմ բազմամյա օպերատիվ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հիմնականում նման համոզմունք, թե իբր իրենց հետևում են, գաղտնալսում են և այլն, առաջանում է այնպիսի անձանց մոտ, որոնք մտավախություն են ունենում, թե իրենց նկատմամբ կարող են նման միջոցառումներ իրականացվել, քանի որ զբաղված են որևէ հակաօրինական գործունեությամբ, օրինակ. տարբեր քրեածին տարրերը, մաքսանենգները և այլն: Ես հեռու եմ այն մտքից, որ պարոն Հարությունյանը որևէ առնչություն կարող է ունենալ այդ կարգի անձանց կամ երևույթների հետ և չեմ կարող ասել, թե ինչու է նրա մոտ նման համոզմունք առաջացել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ երբևէ գաղտնալսումներ չեն իրականացվել:




Արմենպրես

04.09.2008