Հարցազրույց ՀՀ ԱԱԾ Տնօրենի հետ - 18.12.2007

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ

Հարցազրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ


Պարոն Հակոբյան, մոտենում է Ձեր ղեկավարած գերատեսչության աշխատողների մասնագիտական տոնը: Ի՞նչպես եք գնահատում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման արդի վիճակը` մեր տարածաշրջանում ընթացող բուռն իրադարձությունների համատեքստում:

– Պետք է միանգամից ասեմ, որ շնորհիվ հավասարակշռված քաղաքական մոտեցումների, մեր երկիրը համարվում է կարևոր տարածաշրջանային գործոն և այս պահին, իմ կարծիքով, բավարար չափով ապահովագրված է որևէ պետության, լինի հարևվան թե ոչ, ագրեսիվ նկրտումներից: Համենայն դեպս, ի վիճակի ենք արժանի հակազդեցություն ցուցաբերել ցանկացած հետախուզական կամ այլ քայքայիչ բնույթի դրսևորումներին, կանխել և խափանել երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած ոտնձգություն:

Սակայն, դրանով հանդերձ, պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ մի շատ կարևոր հանգամանքի վրա: Կենսունակ, բարձր արդյունավետությամբ գործող ազգային անվտանգության համակարգի ձևավորումը չի կարող լինել միայն մեկ գերատեսչության գործառույթ: Դա անլուրջ մոտեցում կլիներ ու կմնար որպես անիրականանալի մի ցանկություն: Որքան էլ  լավ, նույնիսկ գերազանց կազմակերպված ու աշխատող կառույց լինի երկրի անվտանգության ծառայությունը, չի կարող ամբողջությամբ ապահովել միաժամանակ և անձի, և հասարակության, և պետության անվտանգությունը:

Հետևաբար, ազգային անվտանգության ապահովման գործը բարձր մակարդակով իրականացնելու համար պետք է ձգտել համակարգված մոտեցմամբ ձևավորել քաղաքական, բարոյահոգեբանական, իրավական, կազմակերպչական, սոցիալական, նյութական, տեխնիկական և այլ պահանջվող միջոցների մի ամբողջություն, որոնք ողջ հասարակության և պետական մարմինների՝  երաշխավորված կիրառման շնորհիվ կպաշտպանեն անվտանգության ոլորտում մեր կենսական շահերը:


Պարոն Հակոբյան, հերթական ընտրություններն են մոտենում: Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե իրավապահ մարմինները փորձեն խոչընդոտել նախընտրական շրջանում ընդդիմության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, ապա մի քանի ամիս անց, այն է` ընտրություններից հետո, այդ մարմինների աշխատակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

– Հայտնի է, որ մեր երկրում ընդդիմությունը գրեթե բոլոր համապետական ընտրություններից առաջ հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, ինչը նպատակ է հետապնդում շանտաժի ենթարկել և որոշակի հոգեբանական ներազդեցություն գործել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, որոնք բարեխղճորեն իրենց պետական պարտքն են կատարում: Նախկին նախագահի հայտարարությունը ինձ և Ազգային անվտանգության մարմինների համակարգում երկարամյա ծառայության փորձ ունեցող շատ աշխատակիցներին հիշեցնում է 1988-1989 թվականներին շարժման առանձին ակտիվիստների որդեգրած գործելաոճը. նրանք և սպառնալիքներ էին հնչեցնում իրավապահ մարմինների, ներառյալ այն ժամանակ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների հասցեին, և բոլոր հնարավոր ճանապարհներով, ընդհուպ բնակշահագործման տեղամասերից (ԺԷԿ-երից), տեղեկատվություն էին հավաքում նրանց հարազատների մասին, որպեսզի հարկ եղած դեպքում ոտնձգություններ կատարեին «ոչ հարմար» մարդկանց նկատմամբ:

Հավատացնում եմ ձեզ, որ այն ժամանակ Հայաստանի պետանվտանգության մարմինները լայն հնարավորություններ ունեին՝ կտրուկ միջոցներով խափանելու դեստրուկտիվ տարրերի ոտնձգությունները, բայց միայն այդ մարմինների աշխատակիցների հայրենասիրության շնորհիվ է, որ, չնայած ԽՍՀՄ կենտրոնական պետական ապարատի ներկայացուցիչների համառ ջանքերին, դաժան ներգործության միջոցներ չկիրառվեցին: Մենք  չէինք կարող թույլ տալ, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գահավիժեր  անդունդը` վտանգելով Արցախի մեր հայրենակիցների կյանքն ու ազատությունը: Ցավում եմ, որ այն ժամանակ որոշ «վայ գործիչներ» չհասկացան այդ ամենը և նույնիսկ փորձում էին դավաճանի պիտակ կպցնել մեզ:

Տեղին է հիշեցնել նաև, որ չնայած դրան, անվտանգության մարմինների անձնակազմի հանդեպ արդեն նորանկախ Հայաստանի իշխանությունների անհիմն անվստահության պատճառով, 1994 թվականին,  դեռևս չավարտված պատերազմի պայմաններում, 4 ամսով փաստացի դադարեցվել էր Ազգային անվտանգության պետական վարչության գործունեությունը, ինչը աննախադեպ երևույթ էր անկախ պետականության շինարարության ասպարեզում և կարող էր հանգեցնել պետության անվտանգության ապահովման բնագավառում անկանխատեսելի հետևանքների:

Դառնալով նախկին նախագահի հայտարարությանը, կարող եմ ասել, որ մենք հանգիստ ենք վերաբերվում դրան. ՀՀՇ-ին հարիր գործելաոճ է։ Շատ լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները և պատրաստ ենք օրենքով նախատեսված ու իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել` կանխելու և խափանելու սահմանադրական կարգի հիմքերի խարխլմանն ուղղված ցանկացած դրսևորում, ում կողմից էլ  կատարվի:

ԱԱԾ մարմինները իրենց վերապահված գործառույթների շրջանակներում կատարել և կատարելու են ազգային անվտանգության ապահովմանն ուղղված և երկրում ապակայունացում թույլ չտալու աշխատանքը, իսկ եթե առանձին քաղաքական գործիչների կամ լրագրողների մոտ տպավորություն է ստեղծվել, թե հատուկ ծառայությունների ղեկավարությունը և անձնակազմը զօրուգիշեր մտածում են, թե ինչպես վիժեցնել ընդդիմության այս կամ այն միջոցառումը, ապա դա թյուր տպավորություն է և փաստերի վրա հիմնված չէ:

Հերթական անգամ երկրի ընդդիմության առանձին հատվածներից ձայներ են հնչում հնարավոր գունավոր հեղափոխության մասին` օգտագործելով առաջիկա նախագահական ընտրությունների հանգամանքը: Ինչ եք կարծում, որքանո՞վ է դա իրական` երկրում ստեղծված ներկայիս ներքաղաքական իրավիճակում:

Հնարավոր շահարկումներից զերծ մնալու համար նախ պետք է նշեմ, որ իրավապահ մարմինների, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայության ապաքաղաքականացված լինելու հանգամանքը օբյեկտիվորեն մեզ թույլ չի տալիս ներքաղաքական գործընթացներին տալ քաղաքական գնահատականներ: ՈՒստի, մենք պարտավոր ենք տալ նախ և առաջ մասնագիտական գնահատական, այսինքն` պարզել, թե տեղի ունեցող գործընթացները որքանո՞վ են ազդում օպերատիվ իրավիճակի վրա, որպեսզի կարողանանք ժամանակին արձագանքել սահմանադրական կարգի դեմ ուղղված հնարավոր ոտնձգություններին, իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանք:

Հայաստանի Հանրապետության պայմաններում դա չափազանց կարևոր է, որովհետև քաղաքական համակարգում գոյություն ունեցող ծայրաստիճան բևեռացումը մշտապես պահպանում է քաղաքացիական բախումների վտանգը, ինչին մենք, ելնելով գործող օրենսդրությունից, պարտավոր ենք հակադրել խափանիչ հստակ մեխանիզմներ: Այդ տեսանկյունից` մեզ օրենքը պարտադրում է ուշադրության կենտրոնում պահել երկրում ընթացող հասարակական քաղաքական գործընթացները՝ հնարավոր ոչ սահմանադրական զարգացումները կանխատեսելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր գերակա խնդիրը  ընտրությունների ընթացքում հնարավոր հանցավոր և հակաիրավական ոտնձգությունների կանխումն ու խափանումը, քաղաքացիների անվտանգության ապահովումը: Ցավոք սրտի, հասարակական անվտանգության առումով, ընտրությունների ժամանակաշրջանը մեզանում դեռևս ընկալվում է որպես պայթյունավտանգ լարվածության շրջան: Միաժամանակ, պետք է հատուկ շեշտել, որ այն նախապայմանները, որոնք առկա են եղել մի շարք հայտնի երկրներում, որտեղ իրագործվել են, այսպես կոչված, գունավոր հեղափոխություններ, Հայաստանում գոյություն չունեն: Մեզ հայտնի են հասարակությունում այսօր տիրող տրամադրությունները: Դրանք, մեր դիտարկմամբ, ավելի շատ միտված են արդի քաղաքական, տնտեսական, սոցիալական հիմնահարցերի հետևողական լուծմանը, երկրի կայուն զարգացմանը, քան հեղափոխական ցնցումներին: Բացի այդ, ի տարբերություն գունավոր հեղափոխություն վերապրած երկրների, Հայաստանի դեպքում, նրա հետ տարբեր ոլորտներում համագործակցող միջազգային կազմակերպությունների, այդ թվում` քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության խնդիրներ հետապնդող կառույցների գնահատականները հիմք չեն տալիս եզրակացնելու, որ մեր երկրում առկա է ճգնաժամային ինչ-որ վիճակ, որը կարող է հանգուցալուծվել հեղափոխական ճանապարհով: Հետևաբար, չեմ կարծում, որ միջազգային կառույցները կօժանդակեն Հայաստանում հնարավոր հեղափոխական զարգացումներին:

Նախկինում առիթ ունեցել եմ հայտարարելու, որ ներքաղաքական ցնցումները առաջին հերթին չեն բխում հենց մեր ժողովրդի կենսական շահերից: Հիմա կարող եմ ավելացնել միայն, որ քաղաքակիրթ զարգացման համար ժամանակակից աշխարհում արագընթաց, էվոլյուցիոն, համակարգային ճանապարհով ընթանալուն այլընտրանք չկա:


Պարոն տնօրեն, մասնագիտական տոնի առթիվ ի՞նչ կմաղթեք ձեր ղեկավարած ծառայության աշխատողներին:

– Ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցներին, համակարգի վետերաններին, ինչպես նաև նրանց բոլորի ընտանիքների անդամներին ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել տոնի առթիվ:

Ի սրտե ցանկանում եմ քաջառողջություն, հաջողություններ ծառայության մեջ, անձնական կյանքում...


Վրեժ Ահարոնյան

«Հայոց Աշխարհ»

18.12.07