Հարցազրույց ՀՀ ԱԱԾ Տնօրենի հետ - 19.06.2012

Հարցազրույց ՀՀ ԱԱԾ Տնօրենի հետ - 16.12.2009


Վերջին շաբաթում լրատվության միջոցների և հանրության ուշադրության կենտրոնում   ՀՀ ԱԳ  նախկին նախարար, ԱԺ  պատգամավոր Վարդան Օսկանյանի հարցաքննությունն է ՀՀ  ԱԱԾ Քննչական վարչության կողմից  հարուցված  հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները  օրինականացնելու կամ, այլ կերպ ասած, փողերի լվացման գործի  շրջանակներում: Այս առթիվ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՀ ԱԱԾ  տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանից:

Պարոն Հակոբյան, որոշ լրատվամիջոցներ ծառայելով տարբեր  քաղաքական նպատակների, սույն փաստը որակեցին որպես քաղաքական  պատվեր:

Հարցաքննության առաջին իսկ օրը Վ. Օսկանյանը շտապես հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա: Հմուտ  դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող  գործիչը, ստեղծված  իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց նման հայտարարություն անել և շեղել  հանրության ուշադրությունը` փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել  քաղաքական հետապնդումների <<անմեղ զոհի>> կերպար: Նշեմ, որ  ԱԱԾ-ն  հայտարարություն արեց միայն Օսկանյանի մամուլին դիմելուց հետո:

Վ. Օսկանյանը և Սիվիլիթաս հիմնադրամի  տնօրեն Սալբի Ղազարյանը  հարուցված քրեական գործի շրջանակներում հրաժարվեցին ցուցմունքներ  տալուց:

 Հարցաքննության ընթացքում, նրանց  առջև, հարուցված քրեական գործի  վերաբերյալ կոնկրետ  հարցեր դրվեցին, որից հետո նրանք հրաժարվեցին  ցուցմունք տալուց: Օրենքը նրանց տալիս  է այդ հնարավորությունը, բայց  արդյոք  տարօրինակ չէ,  որ  <<Սիվիլիթասի>>   ղեկավարները որոնց  առաքելությունն  է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարադատության  և  օրենքի կայացումը ՀՀ-ում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու  փոխարեն, իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի  ներկայացուցչին հարիր վարքագիծ: Իսկ ի”նչ  է նշանակում հրաժարվել  ցուցմունք տալ: Իմ երկարամյա  փորձից  ելնելով կարող եմ ասել, որ նման քայլի  որպես կանոն գնում են բացահայտման  վտանգի հնարավոր հետևանքները զգացող մարդիկ: Կարելի է բազում օրինակներ հիշել, երբ կայացած  ժողովրդավարական  ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքական տարբեր մակարդակի գործիչներ հայտնվում են նման վիճակում` կամ որպես  մեղադրյալներ, կամ որպես վկաներ, բայց նրանցից որևէ մեկի մտքով անգամ չի անցնում հրաժարվել քննությանն աջակցելուց, ցուցմունք տալուց և այս կերպ  խուսափել պատասխանատվությունից:




Ձեր կարծիքով, որն է պարոն Օսկանյանի նման, մարտավարության պատճառը:

Կարծում եմ,  որ այս ամբողջ աղմուկը հրահրելով Վ. Օսկանյանը հանրության ուշադրությունը փորձում է շեղել գործի հիմնական հարցերից և  ներկայանալ որպես <<քաղաքական հալածյալ>>: Այլ  կերպ    հանրության  ուշադրությունը կկենտրոնանար այն փաստի վրա, որ որևէ հայկաստանյան  հիմնադրամ կամ քաղաքական գործիչ ամերիկյան ու եվրոպական մի շարք  երկրների կառավարությունների, դեսպանատների և այլ  կազմակերպությունների  կողմից չի ունեցել այսպիսի առատ ֆինանսավորում ինչպիսին ունի  <<Սիվիլիթասը>>: Մեր անկատար օրենսդրական դաշտը  չի բացառում նման  ֆինանսավորում: Ուշադրության կարժանանար   այն փաստը, որ Հայաստանի  շահերը երկար տարիներ արտասահմանում ներկայացնող դիվանագետը,  այսօր  Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում, թերթ է  հրապարակում` ֆինանսավորվելով դրսից: պարոն Օսկանյանը փաստերի հետ խոսելու այլ ճանապարհ  է ընտրել`  խուսափել դրանցից, քողարկել այլ հանգամանքներով,  բայց գործում առկա  հարցերը անպատասխան  չեն կարող մնալ` անկախ որևէ մեկի  ցանկությունից: