Հարցազրույց ՀՀ ԱԱԾ Տնօրենի հետ - 16.12.2009

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Գորիկ  Հակոբյանի հարցազրույցը  "Արմենպրես" գործակալությանը

1. Պարոն Հակոբյան, պատրաստ է արդյոք  Ձեր ղեկավարած գերատեսչությունը հայ-թուրքական սահմանի բացմանը:

Ազգային  անվտանգության  ծառայությունը  կայացած կառույց է,  և  վստահեցնում եմ Ձեզ, որ  սահմանապահ զորքերը,  դիվանագիտական  ներկայացուցչությունների  պահպանության վարչությունը,  ինչպես նաև  հակահետախուզական, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ստորաբաժանումները առանց մեծ ջանքերի,  պատշաճորեն  կկատարեն իրենց առջև դրված  պարտականությունները: Անհրաժեշտության դեպքում ձեռք կառնվեն լրացուցիչ միջոցներ: Այս կապակցությամբ ՀՀ նախագահին և  Ազգային անվտանգության խորհրդի նիստին զեկուցվել է: Ազգային անվտանգության ծառայության ուժերն  ու  միջոցները  հնարավորություն են տալիս  լիովին վերահսկել  օպերատիվ իրավիճակը,  և Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված  ցանկացած ոտնձգություն  կկասեցվի  սկզբնական փուլում:

2. Ըստ մամուլի հրապարակումների`  սահմանի հայ-վրացական հատվածում գոյություն ունեն անհամաձայնություններ  և անգամ` դիմակայություն: Ինչպես կմեկնաբանեք իրադրությունը:

Սահմանի հայ-վրացական հատվածում պաշտպանությունն իրականացվում է ԽՍՀՄ  պետական սահմանագծով,  և առայժմ որևէ  տեղաշարժ այստեղ չկա: Հայաստանի Հանրապետության հյուսիսային սահմանին արդեն կառուցվել են 17 ուղեկալներ`  համալրված ինժեներատեխնիկական  ժամանակակից միջոցներով: Հայ-վրացական սահմանազատման աշխատանքների ընթացքում որոշակի  անհամաձայնությունները լուծելու համար պարբերաբար հանդիպում են սահմանագծման, սահմանազատման  կառավարական հանձնաժողովների ներկայացուցիչները, քննարկում ու լուծումներ են տալիս  հարցերին: Բոլոր դեպքերում այս հանձնաժողովների աշխատանքների արդյունքները պիտի վավերացվեն երկու երկրների օրենսդիր մարմինների կողմից, և միայն դրանից հետո կունենանք սահմանային  պաշտպանության  հստակ գիծ,  որի երկայնքով էլ կիրականացվի սահմանապահ ծառայությունը:

3. Վերջերս  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը  հաճախակի է հանդես գալիս հերթական կաշառակերի բացահայտման  հայտարարությամբ: Այսինքն շատացել են կաշառակերության դեպքերը, թեև ուժեղացվել է դրա դեմ պայքարը: (Ժողովրդի մեջ հնչում է այն կարծիքը, թե դրանք փոքրիկ ձկնիկներ են, իսկ կհասնի արդյոք հերթը շնաձկներին):

Կոռուպցիան ունի  բարձր   մասնագիտական  հմտություններ.  անընդհատ դիմափոխվում, ձևափոխվում և կատարելագործվում է,  ու այս պայմաններում նրա դեմ պայքարն արդյունավետ կլինի քաղաքացիական հասարակական տարբեր ինստիտուտների  ու բնակչության  ակտիվ աջակցության դեպքում:   Մեր  կողմից բացահայտված կոռուպցիայի դեպքերը չեն կարող հիմնովին փոխել իրավիճակը, բայց   դրանք մեր գերատեսչության հանդեպ հասարակության կողմից աճող վստահության խոսուն վկայությունն են: 

Ձեր ասած շնաձկներին  վնասազերծելու համար հանրությունը պետք է լինի        անարդարությունների  հետ  չհամակերպվող և այդ չարիքի դեմ պայքարելու համար  համագործակցի իրավապահ մարմինների հետ:  Դժբախտաբար մեր իրականության մեջ շատերն են հակված  խրթին հարցերը լուծել կաշառքի  միջոցով,  սակայն քաղաքակիրթ  աշխարհի փորձը ցույց է տալիս, որ նման արմատացած չարիքի դեմ  արդյունավետ պայքարը պայմանավորված է յուրաքանչյուրի քաղաքացիական  գիտակցությամբ: Մի խոսքով, երևույթի դեմ պիտի պայքարի ամբողջ ժողովուրդը, այլ ճանապարհ չունենք:

4.Մոտ կես տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվեցին  Պետեկամուտների կոմիտեի նախագահ  Գագիկ Խաչատրյանի դեմ  մահափորձի  պատվիրատուն  ու  կատարողները. ինչ փուլում է գտնվում այժմ գործը:

 Այս  հանցագործությունը  լիովին բացահայտված է:  Հետախուզման մեջ է գլխավոր պատվիրատուն, որը, անկասկած, ուշ թե շուտ  կբերվի Հայաստան: Հուսով եմ, որ անմիջական կատարողների խումբը դեռ երկար տարիներ  հնարավորություն չի ունենա   կատարել նմանատիպ հանցագործություններ: 

5. Ազգային անվտանգության ծառայության կողմից  լրտեսության, դավաճանության մեղադրանքով ձերբակալված Գևորգ Հայրապետյանը ՀՀ նախագահին  և մամուլին ուղղված իր նամակներում հերքում է իրեն մեղսագրվածը  և փորձում դրանց տալ քաղաքական աստառ:

Լրտեսության համար դատապարտված Մուրադ Բոջոլյանը  նույնպես  տարբեր  ճանապարհներ է փնտրում արդարանալու համար, փորձում իր բանտարկությանը քաղաքական աստառ տալ: Դրանում չկա ոչ մի տարօրինակ բան. դա մեղադրյալի հոգեբանություն է` փորձում են աղավաղել իրականաությունը, մոլորեցնել հանրությանը: Վստահեցնում եմ, որ միայն անհերքելի փաստերի առկայության դեպքում է  Ազգային անվտանգության ծառայությունը նման լրջագույն մեղադրանք ներկայացնում: Ամեն դեպքում վերջնական խոսքը դատարանինն է:

6.Հակերների հաձակումներից  զերծ չեն անգամ պաշտոնական կայքերը, ձեռնարկվել են արդյոք քայլեր  տեղեկատվական դաշտի անվտանգության ուղղությամբ:

ՀՀ Կառավարության որոշման հիման վրա  Ազգային անվտանգության ծառայության կողմից ստեղծվել է հատուկ  հանգույց, որը հնարավորություն է ընձեռում  բարձրացնել  տեղեկատվության հնարավոր արտահոսքի դեմ պայքարի հուսալիությունը, պետական մարմինների էլեկտրոնային կայքերի անվտանգությունը:   

Մենք օգտվում ենք տեխնիկայի վերջին  միջոցներից, որոնք օգտագործում են առաջատար  հատուկ ծառայությունները, և ունենք հնարավորություն  այդ միջոցները  յուրաքանչյուր տարի թարմացնել ժամանակի պահանջին համապատասխան  նորագույն սարքավորումներով:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր ստեղծած հանգույցի շնորհիվ համակարգչային հակերների  հարձակումներից պաշտոնական կայքերը  լիովին պաշտպանված են:

7.Մամուլում կարծիքներ են հնչում, որ փոքր է Ազգային անվտանգության ծառայության  բյուջեն,  ցածր`  աշխատակիցների աշխատավարձը և այդ պարագայում հնարավոր չէ  արդյունավետ  դիմակայել  գերատեսչության առջև  ծառացած մարտահրավերներին:

Իհարկե, մեր բյուջեն  և աշխատակիցների վարձատրությունը  դեռևս  փոքր է, թեև  վերջին տարիներին գրանցվել են  աշխատավարձի բարձրացումներ: Բայց պնդել, որ դա հնարավորություն չի տալիս արդյունավետորեն  դիմակայել մարտահրավերներին, ի  սկզբանե նշանակում է  չհասկանալ   մեր աշխատանքի էությունը, կարևորությունը: Պաշտպանել  հայրենիքի անվտանգությունը մեծ պատիվ և  պատասխանատվություն է,  և չի կարելի այն պայմանավորել միայն վարձատրությամբ: Մեր երկրի համար  բախտորոշ ժամանակահատվածում Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցները ստանում էին  2,5-3 ԱՄՆ  դոլարին համարժեք գումար, բայց իրենց պարտականությունները  կատարում էին   անձնուրացորեն` անմնացորդ  նվիրվելով հայրենիքի անվտանգության խնդիրների լուծմանը:

Կասկած չունեմ, որ առաջիկայում մեր աշխատակիցները կստանան արժանի վարձատրություն:

  
8.Վերջերս հաճախակի են դարձել  Ձեր  պաշտոնաթողության մասին  լուրերը:

Ոչինչ հավերժ չէ, սակայն առայժմ  պետք է հիասթափեցնեմ իմ ընդդիմախոսներին,  որ տեսանելի ապագայում  այդ  հաճույքը նրանց չեմ  պատճառի: 


9.Աշխատանքի Ձեր ծանրաբեռնվածությամբ  արդյոք ժամանակ գտնում եք հարազատների, ընկերների հետ շփվելու, հանգստանալու համար:

        Փորձում եմ ժամանակ գտնել  շփվելու և՛ ընկերներիս, և՛ հարազատներիս հետ: Տեխնիկայի սրընթաց զարգացումը հանգեցրել  է նրան , որ թոռնիկներիս հետ շփվում եմ Skype կապի միջոցով, ծիծաղելի է, բայց դա այդպես է:

 
10.Ինչպես կգնահատեք համակարգում երկար տարիների Ձեր աշխատանքային  գործունեությունը:

Այս  տարի սեպտեմբերի 1-ին  լրացավ ազգային անվտանգության համակարգում  իմ ծառայության 40 տարին: Այդ երկար տարիների ընթացքում եղել են և՛ հաջողություններ և՛ դժվարություններ  և՛ հիասթափություն: Բայց հենց այդ խոչընդոտների հաղթահարմամբ է աշխատանքը  դառնում հետաքրքիր: Այն գիտակցումը, որ դու ծառայում ես հայրենիքիդ, ապահովում նրա անվտանգությունը հպարտությամբ է լցնում հոգիդ: Ես ինձ համարում եմ  երջանիկ մարդ, քանի որ սիրում եմ  իմ աշխատանքը և իմ աշխատանքից ամեն օր հաճույք եմ ստանում:
 
11.Դեկտեմբերի 20-ին նշվում է ազգային անվտանգության մարմինների աշխատողի մասնագիտական օրը: Թույլ տվեք շնորհավորել Ձեզ  գալիք տոնի առթիվ:

Շնորհակալություն շնորհավորանքի համար: Օգտվելով առիթից  ցանկանում եմ  ազգային անվտանգության մարմինների բոլոր աշխատակիցներին, համակարգի վետերաններին,  նրանց բոլորի ընտանիքների անդամներին  շնորհավորել  մեր մասնագիտական տոնի առթիվ: Սրտանց ցանկանում եմ  քաջառողջություն, հաջողություններ ծառայության մեջ և անձնական կյանքում:  Ազգային անվտանգության մարմինների վետերաններին  առանձնահատուկ մաղթում եմ  ավյուն, կորով,  երկար տարիների  ակտիվ գործունեություն,  հատկապես  համակարգի երիտասարդ սերնդին  փորձ ու հմտություն հաղորդելու շնորհակալ գործում: