29.02.2008
Երեկ ուշ երեկոյան ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրև «սադրիչներ», հետագայում ազատելով նրանց:
ՀՀ ԱԱԾ, կատարելով օրենքով վերապահված սահմանադրական կարգի պահպանման և ժողովրդի անվտանգության ապահովման գործունեությունը, հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ջանքերի շնորհիվ է վերջին օրերին ապօրինի հանրահավաքի ծայրահեղական տրամադրված մասնակիցների մոտից առգրավվել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, թունավոր և պայթուցիկ նյութեր, որի վերաբերյալ ԱԱԾ Քննչական վարչությունը 6 անձանց հանդեպ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ ՔՈ 300 հոդվածի հատկանիշներով: Դա փաստում է այն մասին, որ ՀՀ ԱԱԾ գործում է միայն ի նպաստ ժողովրդի, ընդ որում ապահովում է հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը:
Եվս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Ոստիկանության հետ համատեղ, շարունակելու է կատարել իրենց վրա օրենքով դրված պարտականությունները և զգուշացնում է որոշ «տաք գլուխների», որ ծառայողական գործունեությունը խոչընդոտելու յուրաքանչյուր փորձ կբերի օրենքով նախատեսված խստագույն պատասխանատվության:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

