20.12.2013

ՀՀ Ազգային անվտանգության աշխատակցի օրը ծառայության աշխատակիցներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները հավաքվել էին նշելու կառույցի ձևավորման 95-ամյակը:

Հանդիսավոր նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն ընթերցեց աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը. <<Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: Անցնող տարին հոբելյանական էր ազգային անվտանգության մարմինների համար: 95 տարի առաջ` Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումից հետո ձևավորվեցին հետախուզության և հակահետախուզության մարմինները: Տասնամյակների ընթացքում անվտանգության մարմիններն անցել են լրջագույն փորձությունների միջով, թրծվել են տեսանելի և անտեսանելի ճակատներում, ձևավորել են ավանդույթներ և կուտակել անգնահատելի փորձ: Մեծ է ձեր ավանդը մեր պետության և հասարակության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում: Այսօր առկա են մասնագիտական առաջընթացի և ձեր աշխատանքը կատարելագործելու բոլոր նախադրյալները: Համոզված եմ, որ այսուհետ ևս դուք պատվով և մասնագիտական բազմակողմանի կարողություններով շարունակելու եք ձեզ վստահված առաքելությունը: Արդի աշխարհի և մեր տարածաշրջանի նոր իրողություններն ու մարտահրավերները պետք է ունենան համարժեք արձագանք:
Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատողներ, կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մտքի ու բազկի կորով և նոր ձեռքբերումներ` ի շահ Հայաստանի ժողովրդի և պետության>>:

ՀՀ նախագահն իր հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արզուման Գարուշի Հարությունյանին շնորհել է գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում, իսկ մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին Մարտական ծառայության մեդալով:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը իր ելույթում սրտանց շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ նշեց. <<Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 95-րդ տարեդարձը: Կառույցի երկարամյա ուղին բազմակողմանի լուսաբանված է անվտանգության ծառայության պատմության թանգարանում, որտեղ հավաքվել են իրենց տեսակի մեջ եզակի ցուցանմուշներ ու փաստագրական նյութեր: Դրանք ակնառու ներկայացնում են պատմական կոնկրետ փուլերում անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը մեր ժողովրդի և պետության կյանքում: Մենք չենք փորձում սրբագրել անցած ճանապարհը, այլ անաչառ գնահատականներ ենք տալիս, այդ թվում համակարգի համբավը ստվերող պատմական իրողություններին: Դրա հետ մեկտեղ արժանին ենք մատուցում Հայաստանի երեք հանրապետությունների փառավոր հաղթանակներում ծանրակշիռ ավանդ ներդրած մեր աշխատակիցներին, Հայրենիքին նրանց անձնվեր ծառայության բազմաթիվ օրինակներով ենք դաստիարակում երիտասարդ սերնդին:
Մեր ժողովրդի հետ միասին անվտանգության մարմիններն անցան նորանկախ Հայաստանի կերտման ու կայացման ծանրագույն փորձությունների և դաժան մաքառումների ուղին: Ի տարբերություն նախկին խորհրդային որոշ երկրների հատուկ ծառայությունների, մեզ հաջողվեց զերծ մնալ մասնագիտական և բարոյական դեֆորմացիայից, պահպանել ավագ ընկերներից ժառանգած լավագույն ավանդույթները, զարգացնել և նորովի օգտագործել նախորդ տասնամյակների ընթացքում կուտակված գիտելիքներն ու աշխատանքային փորձը: Դա մեզ հաջողվեց, քանի որ գործել այլ կերպ, կնշանակեր դավաճանել անկախության վեհ գաղափարին, ուրանալ արցախյան հերոսամարտում զոհված ընկերների հիշատակը, աջակից չլինել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագայի ձգտումներին, գնալ խղճի և սպայական պատվի դեմ: Դա մեզ հաջողվեց համակարգի նվիրյալների անկոտրում կամքի, Հայրենիքի առջև պարտքի նրանց բարձրագույն գիտակցության շնորհիվ:
Մենք արժանապատվորեն անցանք համակարգի վերակազմավորման, կայացման և ամրապնդման ուղին: Նույն ոգով էլ շարունակում և համոզված եմ շարունակելու է գործել ավագներից հերթափոխն ընդունած սերունդը: Նորանկախ Հայաստանի ժամանակաշրջանում անվտանգության ծառայության աշխատակցի կենսագրությունը սկսած սպաներից լավագույններն այսօր ստանձնել են համակարգի գործունեության առանցքային ուղղությունների ղեկավարումը: Նրանք են արդեն երիտասարդներին փոխանցում ազնիվ ու շիտակ ապրելու, ՙմաքուր ձեռքերով՚ գործելու, ինքնանվիրումով Հայրենիքին ծառայելու մնայուն ավանդույթները:
Այսօր ծառայության անձնակազմի հիմքն են կազմում հասարակության և պետության շահերին անձնվիրաբար ծառայող, յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ պարտավորություններ ունեցողի պատասխանատվությամբ գործող, օրենքի գերակայությունը որպես անվիճելի ճշմարտություն ընդունող աշխատակիցները: Այդպիսի ամենաբարձր մարդկային, բարոյական և մասնագիտական որակների նշաձող է սահմանված մեր բոլորի, յուրաքանչյուրիս համար: Չի հանդուրժվելու անվտանգության ծառայության պատիվն ու համբավն արատավորող ոչ մի դրսևորում և անհարիր արարք: Սա սկզբունքային դիրքորոշում է, և մենք հաստատակամ ու հետևողական ենք լինելու այս հարցում:
Այստեղ խիստ կարևոր է ճիշտ կազմակերպել կադրային աշխատանքը, ինչը դեռևս լիարժեք չի բավարարում մեր այսօրվա պահանջներին: Որպես համակարգին խորթ և անընդունելի դրսևորումներ պետք է կտրականապես մերժվեն հատկապես կադրային նշանակումների հարցերում տարբեր տեսակի միջնորդությունները: Կադրային ապարատը և տարբեր մակարդակներում ղեկավար անձնակազմը պետք է տեղիք չտան նման երևույթներին, իրենց առաջարկություններում և որոշումներում ղեկավարվեն միայն կադրերի մասնագիտական, գործնական և մարդկային հատկանիշների օբյեկտիվ գնահատումով:
Անվտանգության մարմինների գործունեության բարձր գնահատականը ստանալու համար մենք ամեն օր հանձնում ենք ներքին անբավարարվածության խիստ քննությունը: Աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումների, որոշ դեպքերում կտրուկ փոփոխությունների պայմաններում, մեզ հակացուցված է դոփել տեղում: Անհրաժեշտ է մշտապես զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, շարունակաբար կատարելագործել գործունեության ձևերն ու մեթոդները, ցուցաբերել բարձր բարոյակամային հատկանիշներª մեր աշխատանքում հաճախ ստեղծվող ոչ ստանդարտ իրավիճակներում միակ ճիշտ որոշումը կայացնելու համար:
Ազգային անվտանգության ծառայության ակնառու ձեռքբերումներն ապացուցում են Հայաստանի քաղաքացիների, հասարակության և պետության շահերին սպառնացող ներքին և արտաքին վտանգներին դիմագրավելու մեր պատրաստվածությունն ու կարողությունը, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գերակա խնդիրը հաջողությամբ լուծելու անկոտրում վճռականությունը:
Մեր գործունեության առաջնահերթություններից մեկն է մնում օտարերկրյա հատուկ ծառայությունների նկրտումներին հակազդելը: Արդեն շուրջ 12 տարի անընդմեջ մենք իրազեկում ենք մեր հասարակությանը Ադրբեջանի օգտին գործած գործակալների բացահայտման փաստերի մասին: Այս տարին նույնպես բացառություն չէր: Հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները հերթական անգամ ապացուցեցին գրագետ և հմուտ գործելու, ուժ ու եռանդ պահանջող աշխատանքը հաջողությամբ իրականացնելու իրենց կարողությունը: Պետք է առանձնահատուկ նշեմ, որ հակահետախուզական գործունեության մեր գրանցած հաջողությունները` կատարվող աշխատանքների որակական մակարդակով և բացահայտված գործակալների քանակական ցուցանիշով, էապես գերազանցում են Խորհրդային Հայաստանի պետանվտանգության կոմիտեի արդյունքները: Այս փաստը մեջբերում եմ ոչ միայն մեր աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ գոհունակություն հայտնելու, այլ նաև ներկա փուլում հակառակորդի հատուկ ծառայությունների հետ առճակատման բացառիկ սրությունն ընդգծելու համար:
Ընթացիկ տարում բացահայտված ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալի նկատմամբ առաջադրված պետական դավաճանության մեղադրանքն ապացուցվել է դատարանում և նա դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման: Դավաճանության պարսավելի և նվաստացուցիչ քայլին գնացող յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ օրենքի ուժով պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:
Անդրադառնալով անվտանգության ծառայության ընթացիկ տարվա աշխատանքների արդյունքներին պետք է նշեմ, որ հետախուզության գլխավոր վարչությունը նպատակաուղղված և հետևողական քայլեր է իրականացնում գործունեության ձևերն ու մեթոդները կատարելագործելու համար: Մշակված և կիրառվող նախահարձակ մարտավարությունն արդեն իսկ տալիս է դրական արդյունքներ:
Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության գործունեության նկատմամբ մեր որոշակի վերապահումներն առիթ ունեցել ենք քննարկել: Կարծում եմ, որ ստորաբաժանման փորձառու և արհեստավարժ աշխատակիցները կարճ ժամկետներում կշտկեն առկա թերություններն ու բացթողումները և ռազմական հակահետախուզության աշխատանքները համաքայլ կլինեն ծառայության ընթացքի հետ£
Դրվատանքով պետք է նշեմ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցների արդյունավետ գործունեությունը: Ստորաբաժանման աշխատակիցների ջանքերով և մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ անցնող տարում նախականխվել և բացահայտվել են մի շարք, այդ թվում հասարակական հնչեղություն ունեցող հանցագործություններ£
Խոսելով սահմանադրական կարգի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ներկայացնեմ մի շարք դիտարկումներ£ Ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ գաղափարազուրկ, անդեմ, հասարակությանը ասելիք չունեցող որոշ ուժեր, քաղաքական ետնաբեմից իրենց մասին հիշեցնելու համար պատրաստ են օգտագործել ամենակեղտոտ տեխնոլոգիաները£ Նրանք չեն խորշում նույնիսկ փողոցային բարքեր ցուցաբերող թուլամտին հերոսացնելուց£ Երկրի վիճակը ապակայունացնելու, պետականության հիմքերը խարխլելու հեռահար նպատակներին հասնելու համար, այդ ուժերը փորձում են ատելություն, չարություն և անհանդուրժողականություն սերմանել հասարակության շրջանում£ Այդպիսի բախտախնդիր ու պատեհապաշտական դրսևորումները մեր ուշադրության կենտրոնում են մնալու և անհրաժեշտության դեպքում, օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում վճռականորեն կանխվելու են£
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ակտիվ ներգրավված է անվտանգության ապահովման միջազգային համակարգերում: Սա ժամանակի հրամայականն է, քանի որ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ տարբեր ձևաչափերով իրականացվող փոխվստահելի ու փոխշահավետ գործընկերությունը անդրազգային հանցավորության դեմ արդյունավետ պայքարի կարևոր գրավականն է:
Այս տարի, հոկտեմբերին, Ծաղկաձորում կայացավ ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը: Տեղի ունեցած երկկողմ և բազմակողմ հանդիպումների, թեմատիկ քննարկումների արդյունքում հնարավոր եղավ համակողմանիորեն զարգացնել և խորացնել հարաբերությունները գործընկեր հատուկ ծառայությունների հետ: Պետք է նշեմ, որ հանցավոր տարբեր նկրտումների նախականխման մեր փորձը և հատկապես հակաահաբեկչական միջոցառումներում ներգրավված անվտանգության ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը արժանացան գործընկերների բարձր գնահատականներին:
Առանձնահատուկ պետք է ընդգծել, որ ազգային անվտանգության ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդման, տեխնիկական հնարավորությունների արդիականացման, սահմանային ենթակառուցվածքների զարգացման հարցերում հանրապետության Նախագահը և կառավարությունը շահագրգիռ աջակցություն են ցուցաբերում:
Հանրապետության ղեկավարության օրակարգում է գտնվում նաև ծառայության անձնակազմի սոցիալական ապահովման խնդիրների լուծումը: Ընթացիկ տարում կարիք ունեցող 10 աշխատակիցներին հատկացվել են բնակարաններ: Անցած 22 տարիների ընթացքում սա առաջին նմանօրի¬նակ նախաձեռնությունն է: Հանրապետության Նախագահի որոշմամբ մոտ ժամանակ կրկին կհատկացվեն բնակարաններ և այդ գործընթացը շարունակական կլինի: Բացի այդ, բնակարաններ ձեռք բերելու նպատակով ծառայության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ կհատկացվեն:
Հանրապետության Նախագահի անձնական աջակցությամբ հաջորդ տարվա սկզբից տեսանելի կավելանա ծառայության աշխատավարձի ֆոնդը:


Այս տոնական օրը ջերմ և անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում համակարգի վաստակաշատ վետերաններին: Սիրելի վետերաններ, Ձեր արգասաբեր գործունեությունը և կյանքի սկզբունքները կան ու կմնան ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի համար երկար տարիների ուղեցույց£
Կրկին սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ, ուժ, տոկունություն և բազում հաջողություններ` Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների անվտանգությունն ու առաջընթացն ապահովելու պատվաբեր գործում>>:



Ազգային անվտանգության աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, նա նշեց, որ առաջին հերթին ԱԱԾ աշխատողներն ունեն ազնիվ, պարկեշտ, պրոֆեսիոնալ հատկանիշներով մասնագետների համբավ և որ այդ համբավը նրանք ժառանգել են կառույցի հերոսներից, վետերաններից:
<<Չափազանց ուրախ եմ, որ այսօր Հայաստանում կարող ենք արձանագրել, որ ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է այդ իր բարձր կոչումը պահպանել և նաև զարգացնել: Միևնույն ժամանակ` ձեր աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ շատ հաճախ այն անտեսանելի է և սովորական քաղաքացու համար: Ավելին` ձեր սովորական սխրանքների մասին մենք իմանում են տասնյակ տարիներ հետո, իսկ երբեմն այդ սխրանքները մնում են հանրությունից գաղտնի>>,- նշեց ՀՀ վարչապետը:
ՀՀ Վարչապետը իր ելույթում հիշատակեց մի քանի նշանավոր հայազգի ներկայացուցիչների ում ավանդույթներն այսօր շարունակում է ԱԱԾ աշխատակիցը: Նա նշեց, որ Խորհրդային Միության անվտանգության ծառայությունների կայացման գործում անջնջելի հետք են թողել արտաքին հետախուզության ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Յակով Դավթյանը, նույն ծառայության երկրորդ ղեկավար Ռուբեն Կատանյանը: Իր ելույթում ՀՀ վարչապետը հիշատակեց նաև Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանին և Հայկ Հովակիմյանին: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անվանական ժամացույցով պարգևատրեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, իսկ մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին հուշամեդալներով և շնորհակալագրերով:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին, պարգևներ ու պատվոգրեր հանձնեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի հրամանագրերով մի շարք աշխատակիցներ և վետերաններ տոնի առթիվ պարգևատրվեցին թանկարժեք նվերներով, մեդալներով և պատվոգրերով: Լուսանկարներ

 




                                                                                                                   ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն