13.10.2009
ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է Իրանից Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրանյութի մաքսանենգ ներկրմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը:
Ս. թ. հոկտեմբերի 13-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, թմրանյութի հերթական խմբաքանակը ներկրելու պահին, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ , Թեհրան-Երևան չվերթի ուղևորներ Սամվել Ռոլանդի Դեմիրճյանը և Արթուր Աշոտի Հովհաննիսյանը: Վերջինիս ուղեբեռի կրկնակի զննման արդյունքում հայտնաբերվել է մոտ 4800 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, որն Իրանից Հայաստան է ներկրվել ուղեբեռում հատուկ հարմարեցված գաղտնարանում:
Պարզվել է, որ ընթացիկ տարում այդ ուղիով հանցավոր խումբը պարբերաբար ՀՀ է ներկրել և իրացրել զգալի քանակությամբ ափիոն տեսակի թմրամիջոց: Ս. Դեմիրճյանը կազմակերպել է Իրանից Հայաստան թմրամիջոցներ մաքսանենգ ներկրման մշտական գործող ուղի և ձևավորել հանցավոր խումբ, որի անդամներն իրենց կոնկրետ գործառույթներով ապահովել են Իրանում թմրամիջոցներ ձեռք բերումը, ՀՀ տարածք մաքսանենգ ներկրումը և իրացումը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

