18.06.2009

Ս. թ. մայիսի 23-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի  նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով, անհայտ անձինք փորձել են Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար:

Դեպքի վայրից քննությամբ հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 600 գր. տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, մետաղյա ինքնաշեն իրան` նախատեսված ուղղորդված պայթյուն իրականացնելու համար, որպես բեկոր ծառայող միմյանց սոսնձված բազմաթիվ մանեկներ, որպես հեռակառավարման սարք ձևափոխված «Ռոջեր» տիպի ռադիոկայան, ինչպես նաև ուղիղ կապով տեսահսկում իրականացնելու համար տեսախցիկ ծառայող ձևափոխված «Sony-Ericsson» տիպի բջջային հեռախոս:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից  հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305, 235 և 236 հոդվածների հատկանիշներով:

ՀՀ ԱԱԾ մարմինների և ՀՀ Ոստիկանության համատեղ իրականացված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել, հայտնաբերվել և կալանավորվել են հանցագործության անմիջական կատարողներն ու մասնակիցները, թվով ութը անձ, որոնց թվում նաև հանցավոր խմբի պարագլուխ` «Մուսկուլ Գագո» մականվամբ Երևանի բնակիչ Գագիկ Գաբրիելի Մաթևոսյանը, որը 1992-1997 թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղչիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես հրամանատարի տեղակալ: Վերջինիս բնակարանի և ավտոտնակի խուզարկությամբ, բացի գործով անցնող իրեղեն ապացույցներից, հայտնաբերվել և առգրավվել է աննախադեպ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Գ. Մաթևոսյանի տանը կից կառույցում հայտնաբերվել է նաև ընդհատակյա քիմիական լաբարատորիա, որտեղից առգրավված բազմատեսակ քիմիական նյութերն օգտագործվել են պայթուցիկ սարքեր և թունավոր նյութեր պատրաստելու համար:

Հետագա օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հանցագործության պատվերը Երևանի բնակիչ Ռաֆայել Սուրենի Մասումյանի միջոցով տվել է ՀՀ Մաքսային Կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Ալբերտի Երիցյանը, դրա դիմաց վճարելով 150 000 ԱՄՆ դոլար:

Մինչ հանցավոր խմբի անդամների կալանավորելը Ռ. Մասումյանը դիմել էր փախուստի և թաքնվել էր Վրաստանի տարածքում:

Վրաստանի Հանրապետություն մեկնած ՀՀ ԱԱԾ օպերատիվ խմբի և տեղի հատուկ ծառայությունների համատեղ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Թբիլիսիի օդանավակայանում Վիեննա մեկնելիս Ռ. Մասումյանը ձերբակալվել և կալանավորվել է:

Ռոբերտ Ալբերտի Երիցյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, ձեռնարկվում են համապատասխան  որոնողական միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Իրականացվում են նաև համապատասխան միջոցառումներ հանցավոր խմբի կողմից նախկինում կատարած հնարավոր նմանատիպ այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն