09.08.2018

Խորանում է համագործակցությունը Մեծ Բրիտանիայի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև

     ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
     Ողջունելով դեսպանին՝ տնօրենը հույս հայտնեց, որ ճանչողական այցի շրջանակում ավելի կամրապնդվի համակարգի և դեսպանության հետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների:
     Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակին և փոփոխություններին՝ Ա. Վանեցյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը նոր կառավարությունում առաջնային տեղ է զբաղեցնում և տարվող աշխատանքների արդյունքում արդեն իսկ  կան ձերբակալություններ: 
     Դեսպան Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ Մեծ Բրիտանիայում հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ են սատարել Հայաստանին՝ ընթացիկ բարեփոխումների անցկացման, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման հարցում: Դեսպանը ողջունեց նաև երկրում կատարվող բարեփոխումները և շեշտեց, որ ցանկացած երկրի համար կարևոր է դատական համակարգի արդար մոտեցումը: 

      Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև՝ ահաբեկչության, անօրինական միգրացիայի, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: (Լուսանկարներ)