11.05.2017

     Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

     Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։ 
     Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

     Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  

                                                                                                                                                                         ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն