27.04.2017

     ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն ապրիլի 26-ին նշեցին իրենց մասնագիտական տոնը` Սահմանապահի օրը: 

     Սահմանապահի օրվա և Հայաստանի Սահմանապահ զորքերի կազմավորման 25 ամյակի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Կ. Դավթյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վ. Արզումանյանը, ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Աբրահամյանը, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ա. Վախնինը, բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ:
     Մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորելով սահմանապահ զորքերի հրամանատարությանը, անձնակազմին ու վետերաններին՝ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Կարապետ Դավթյանը նշեց, որ սահմանապահ զորքերի ներկա սերունդները, պահպանելով զինվորական լավագույն ավանդույթները, ցուցաբերելով բարձր մասնագիտական, քաղաքացիական հասունություն, միասնական և արժանավայել շարունակում են դիմակայել նոր մարտահրավերներին, բարեխղճորեն ու պատվով կատարել հայ սահմանապահի պարտքը` ուղղված երկրի սահմանների անվտանգության ապահովմանը: 
     «Սահմանային ոլորտում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման պետական քաղաքականությունը նախևառաջ նպատակաուղղված է պետական սահմանի համակարգված բարեփոխմանը և սահմանային աշխատանքներ կազմակերպող ժամանակակից ենթակառուցվածքների կազմավորմանը: Մեր նպատակն է զարգացնել արդեն իսկ կատարված աշխատանքները, սահմանային կետերում կատարելագործել սահմանը հատող անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների և գույքի սահմանային վերահսկողությունը, ապահովել սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգությունը, կանխել սահմանային շերտերում մեր երկրի բնական պաշարների հնարավոր հափշտակումը: Այսօր սթափ գնահատելով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակը, ինչպես նաև համախմբելով մեր ուժերը` մենք պետք է շարունակենք ապահովել երկրի անվտանգությունը և հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը»,- ասաց Դավթյանը:
     ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվանից առ այսօր` 25 տարվա ընթացքում, շատ ջանքեր են գործադրվել պետական սահմանի պահպանության բնագավառում: Սահմանապահ զորքերն իրենց գործունեությունն իրականացնում են օրինականության սկզբունքով, ՀՀ սահմանադրության, օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան` պետական սահմանին ապահովելով պետության և ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը` ՀՀ սահմանային անվտանգությունը: «Այսօր մենք միանգամայն պատասխանատու մոտեցում ենք ցուցաբերում Հայաստանի սահմանային անվտանգությանը` արդիական մոտեցումներ և սկզբունքներ դրսևորելով դրա ապահովման հիմնահարցերին, որոնք բխում են ազգային անվտանգության ապահովման գերակայություններից: Սահմանային անվտանգության ապահովման և դրանց կառավարման գործում մասնակցություն ունեցող պետական մարմինների գործառույթները գործուն ընթացքի մեջ են սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2016-2021 թթ. միջոցառումների ծրագրով: Այն նպաստելու է սահմանապահ զորքերի միջազգային ներգրավվածության մեծացմանը, տարածաշրջանի երկրների հետ տնտեսական, մշակութային և այլ կապերի զարգացմանը, եվրոպական և միջազգային կառույցներին Հայաստանի ինտեգրմանը»,- եզրափակեց Արմեն Աբրահամյանը:
     Հանդիսավոր միջոցառմանն իր ողջույնի խոսքում Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ա. Վախնինը, շնորհավորելով հայ սահմանապահներին մասնագիտական օրվա կապակցությամբ, նշեց, որ Հայաստանի սահմանապահները իրենց անբասիր ծառայությունով ծանրակշիռ և զգալի ներդրում ունեն տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի և Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը հետագայում ևս կնպաստի համագործակցության ամրապնդմանը՝ ի բարօրություն Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ 
     Սահմանապահներին իր ողջույնի խոսքը հղեց նաև սահմանապահ զորքերի վետերան Յուրի Վորոնովը:
     ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Գ. Կուտոյանի հրամանով սահմանապահ զորքերի մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին կրծքանշաններով, շքանշաններով և պատվոգրերով։ Հանդիսավոր քայլերթից հետո սահմանապահ զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական վարժանք անցկացրեցին։ Լուսանկարներ

                                                                                                                                                                         ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն