03.12.2009

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ՀՀ տարածքում «Questnet» միջազգային կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու կազմակերպված խմբերի հանցավոր գործունեություն, որն ուղղված է եղել խաբեության միջոցով քաղաքացիներից դրամական միջոցների հափշտակմանը և այսպես կոչված «ֆինանսական բուրգի» ստեղծմանը:

Պարզվել է, որ ներցանցային մարքետինգով զբաղվող «Questnet» կազմակերպությունը տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ունենալով ներկայացուցիչներ, ինտերնետ կայքի միջոցով քաղաքացիներին վաճառել է 600 - 1 500 ԱՄՆ դոլար արժողությամբ առողջությունը իբր կարգավորող տարբեր տեսակի ապակյա ԲԻՈ-դիսկեր, տեխնիկական այլ ապրանքներ, ինչպես նաև մինչև 8 գրամ քաշով ոսկյա զարդեր և վզնոցներ: Հետագայում քաղաքացիները հասկանալով, որ վճարված գումարը տասնյակ անգամներ գերազանցում է ապրանքի իրական արժեքը «Questnet»-ի ներակայացուցիչներից հետ են պահանջել իրենց գումարները, ինչին ի պատասխան նրանց առաջարկվել է շարունակել ցանցի ընդլայնման գործընթացը, վստահեցնելով, որ նրանք ոչ միայն կարող են վերադարձնել իրենց վճարած գումարները, այլ նաև ստանալ զգալի եկամուտ:

Քննությամբ պարզվել է, որ «Questnet»-ի ղեկավարներ ԻԻՀ քաղաքացի` Ռայմոնդ Քոչարյանսի և ՀՀ քաղաքացի` Վաչե Մանուկյանի կողմից կազմակերպված երևանյան ցանցում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 113 քաղաքացիներ, որոնց վստահությունը չարաշահելու եղանակով նրանցից հափշտակվել է խոշոր չափի գումարներ:

Ռ. Քոչարյանսը և Վ. Մանուկյանը ձերբակալված են:

Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք չգայթակղվել արագ հարստանալու ցանկությամբ և հեռու մնալ նմանատիպ խարդախներից և կասկածելի կազմակերպություններին անդամակցելուց:

«Questnet» կազմակերպությունների հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն 57-93-16 հեռախոսահամարով :


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն