Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետքը

 

"Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք" թեմայով ցուցափեղկերը
 
Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝
"Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք" թեմայով ցուցափեղկերը

Ժամանակակից ընկալմամբ՝ հետախուզական գործունեությունը, այդ թվում արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների գործունեությունն է՝ ուղղված արտաքին ու ներքին անվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն:

Հետախուզության ամբողջ պատմությունը, հատկապես վերջին երկու հարյուրամյակների ընթացքը, վկայում են, որ իսկական հետախույզը, բնավորության ինչպիսի գծեր էլ որ ունենա, աչքի է ընկնում նախ և առաջ իր բարձր մտավոր կարողություններով, մասնավորապես, վերլուծական մտքի ունակություններով: Հետախուզությունը հաճախ բնորոշվում է որպես մեծ մտավոր կարողությունների տեր մարդկանց մրցասպարեզ: Հենց այդպիսի մարդկանց գործունեությունն է ապացուցում, որ հետախուզական աշխատանքը և՛ խաղաղ, և՛ պատերազմական ժամանակ արդյունավետ է լինում ոչ այնքան քանակի հաշվին, որքան որակի: Հետախուզության պատմության մասնագետ Ա. Սարգսյանի բնոշոմամբ.

«Ըստ էության, պետության հետախուզական համակարգի վիճակն արտացոլում է նրա «առողջությունը», այսինքն՝ նրա ուժը և միջազգային հեղինակությունը»:

Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ Գոհար Վարդանյանի վկայությամբ.

«Հետախույզի մասնագիտությունը հեռու է ռոմանտիկ արկածախնդրությունից և իրականում նրա հիմքում դրված են ինքնամոռաց նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը: Հնուց ի վեր բոլոր ազգերի հետախույզները զբաղվում են տեղեկույթի հայթայթմամբ, ընդ որում այնպիսի տեղեկույթի, որը հատկապես թաքցվել և թաքցվում է «օտար աչքերից»:

Հետախույզի աշխատանքը պահանջում է ստեղծագործական մոտեցում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում «մանրուքներից» և բոլորին հայտնի տվյալներից անել պետությունների համար երբեմն ճակատագրական նշանակություն ունեցող հետևություն: Այդ իսկ պատճառով, հետախույզից պահանջվում է ոչ միայն մտավոր և հոգեբանական գերազանցություն, այլև ֆիզիկական պատրաստվածություն, նպատակասլացություն, տոկունություն, աշխատասիրություն և այլն:

Պատմությանն ուղղված հետադարձ հայացքը նկատելի է դարձնում, որ նշված հատկանիշները բնորոշ են մեր ազգի ներկայացուցիչներին: Մեզ այդպիսին են դարձրել անցած հազարամյակները՝ հայրենի երկրի պաշտպանության համար մղվող պայքարը, պետականության վերականգնման գոյամարտը, ռեսուրսների սակավությունը: … Հավանաբար դա է պատճառը, որ հետախուզության բնագավառում հայերն աչքի են ընկնում այնպիսի փայլուն մասնագետներով, որոնց անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ հիմնվել են հետախուզական կառույցներ, իսկ հետագայում՝ օպերատիվ գործունեության նոր ուղղություններ»:




ԴԱՎԹՅԱՆ (ԴԱՎԻԴՈՎ) Հակոբ Քրիստափորի

ԴԱՎԹՅԱՆ (ԴԱՎԻԴՈՎ) Հակոբ Քրիստափորի


Ծնվել է 1888 թ. Նախիջևանում:

1907 թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարան:

1920 թվականից աշխատել է ԱԳԺԿ մարմիններում: Ֆ. Ձերժինսկու խնդրանքով աշխատանքի է անցել ԱՀ-ում:

ԱՀ արտասհամանյան բաժնի (արտաքին հետախուզության) առաջին ղեկավարն է (1920 թ. նոյեմբեր – 1921 թ. օգոստոս):

1922 թ. Լիտվայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչն է, ապա Չինաստանում լիազոր ներկայացուցչի խորհրդականը` ռեզիդենտուրայի ղեկավարը: 1925-1927 թթ. նշանակվել է Ֆրանսիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչության խորհրդական: 1927-1930 թթ. լիազոր ներկայացուցիչն է Լեհաստանում:

Անհիմն մեղադրանքով գնդակահարվել է 1938 թ.: Արդարացվել է 1956 թ.:



ՔԱԹԱՆՅԱՆ Ռուբեն Պավելի

 

ՔԱԹԱՆՅԱՆ Ռուբեն Պավելի


Ծնվել է 1881 թ. Թիֆլիսում:

1906-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Եղել է փաստաբան, ապա նաև լրագրող:

Մասնակցել է Մոսկվայի արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը: 1921 թ. հունվարապրիլ ամիսներին ղեկավարել է արտաքին հետախուզությունը:

1922 թ. Բեռլինում գլխավոր հյուպատոսն է, ապա սեփական ցանկությամբ անցել է դատախազական աշխատանքի: Համակարգել է պետանվտանգության մարմինների գործունեության հսկողությունը:

1938-1948 թ.թ. և 1950-1955 թ.թ. ենթարկվել է ազատազրկման, իսկ 1948-1950 թ.թ.՝ աքսորի: Արդարացվել է 1955-ին:

Համալսարանի պրոֆեսոր էր: Մահացել է 1966 թ.:



ԱՂԱՅԱՆՑ Իվան Իվանի

 

ԱՂԱՅԱՆՑ Իվան Իվանի


Ծնվել է 1911 թ. Գանձակում:

1930 թ. ՄՊՔՎ մարմիններում է: Ազատ տիրապետում էր ֆրանսերենին, պարսկերենին, թուրքերենին, իսպաներենին, բավական լավ` անգլերենին և իտալերենին:

1936 թ. արտաքին հետախուզությունում է: 1937-ից՝ օպերատիվ աշխատանքի է ուղարկվում Ֆրանսիա: 1941 թ. օգոստոսին որպես ռեզիդենտ գործուղվում է Իրան: 1943 թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ Աղայանցին և նրա աշխատակիցներին հաջողվում է կանխել Օտտո Սկորցենիի պլանավորած՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ ուղղված ահաբեկչությունը: Իրանից հետո ԱԳՎ ռեզիդենտն է Փարիզում:

1967 թ. ՊԱԿ-ի ԱԳՎ պետի տեղակալն է: Մահացել է 1968 թ.:



ԱՂԱՅԱՆՑ Ալեքսանդր Իվանի

ԱՂԱՅԱՆՑ Ալեքսանդր Իվանի


Ծնվել է 1900 թ. Ելիզավետպոլում (Գանձակ):

Քաղաքացիական պատերազմի տարիներին ընդհատակյա աշխատանքներ է կատարել Ադրբեջանում: 1920-1922 թ.թ. աշխատել է ԱՀ մարմիններում: Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողտնտեսության ինստիտուտի դասընթացները: 1926 թվականից աշխատել է ՄՊՔՎ մարմիններում: 1934-1937 թթ. աշխատել է Փարիզում:

1937 թ. մայիսից ղեկավարել է Բեռլինի լեգալ ռեզիդենտուրան: Վերականգնել է կապը գեստապոյում գործակալ «Բրայտենբախի» (Վիլլի Լեման) և գերմանական ԱԳՆ-ում գործակալ «Վինտերֆելդի» հետ:

Մահացել է 1938 թվականին:



ԱՎԱՆԵՍՈՎ Վառլամ Ալեքսանդրի

ԱՎԱՆԵՍՈՎ Վառլամ Ալեքսանդրի


Ծնվել է 1884 թ. (իսկական անունը՝ Մարտիրոսյան Սուրեն Կարպի):

1913 թ. ավարտել է Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

1919-ից՝ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՀԱՀ) խորհրդի անդամ, ՀԿԳԿ նախագահության և ՀԱՀ-ում բանվորագյուղացիական տեսչության ժողկոմիսարիատի ներկայացուցիչ:

1919 թ. օգոստոսից ՀԱՀ Հատուկ բաժնի պետի տեղակալ:

1920-1924 թ.թ. ՀԱՀ խորհրդի և պետհսկողության անդամ, տեսչության պետի տեղակալ:

Մահացել է 1930 թ.:



ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հայկ Բադալի

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հայկ Բադալի


Ծնվել է 1898 թ. Նախիջևանում:

1922 թ. ընդունվել է Ն. Բաումանի անվան ՄԲՏՈՒ: Պաշտպանել է թեկնածուական թեզ` Դ. Մենդելեևի անվան ՔՏԻ-ում:

1931 թ. աշխատանքի է անցնում արտաքին հետախուզության նոր ստորաբաժանումում՝ գիտատեխնիկական հետախուզությունում: 1931-1933 թ.թ. աշխատել է Բեռլինի ռեզիդենտուրայում: 1934 թ-ից գտնվել է ԱՄՆ-ում (ծածկանունը՝ Գենադի), այդ ընթացքում ԱՄՆ-ում պաշտպանելով դոկտորական թեզ և աշխատելով որպես ինժեներ: Եղել է Նյու-Յորքի ռեզիդենտի տեղակալը, իսկ 1938-ից` ռեզիդենտուրայի պետը: 1941-1947 թ.թ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱԳՎ-ում:

Գեներալ-մայոր Հովակիմյանը մահացել է 1967 թ.:



ԱՂԱՅԱՆ Գուրգեն Սեմյոնի

ԱՂԱՅԱՆ Գուրգեն Սեմյոնի


Ծնվել է 1915 թ. Ելիզավետպոլում (Գանձակ):

1937 թ. ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտ: 1938 թ. Թբիլիսիի ՆԳԺԿ ՊԳՎ դպրոցի ունկնդիրն է: Ավարտելուց հետո աշխատել է Կովկասում պետանվտանգության հակահետախուզական մարմիններում:

Մասնակցել է Հայրենական պատերազմին և պարգևատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով: 1945թ. տեղափոխվել է Մոսկվա և շուրջ 35 տարի աշխատել արտաքին հետախուզությունում:

Մահացել է 1997 թ.:



ԲԱԼԱՍԱՆՈՎ Գերասիմ Մարտինի

ԲԱԼԱՍԱՆՈՎ Գերասիմ Մարտինի


Ծնվել է 1903 թ. Դաղստանում:

1932-1935 թ.թ. սովորել է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտի դիվանագիտության ֆակուլտետի ճապոներենի բաժնում: 1935-1937 թ.թ. եղել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի արևել յան բաժնի ունկնդիր: Տիրապետել է անգլերենին, ճապոներենին, թուրքերենին:

1937 թ. ԽՍՀՄ ՆԳԺԿ աշխատակից է: 1944-1945 թ.թ. Տոկիոյում արտաքին հետախուզության ռեզիդենտն է: 1945-1949 թ.թ. ռեզիդենտն է Հյուսիսային Կորեայում: 1951-1954 թ.թ. ռեզիդենտն է Հնդկաստանում: 1954-1959 թ.թ. աշխատել է ԱԳՎ ապարատում: 1962-ից դասավանդել է ՊԱԿ-ի Ֆ. Է. Ձերժինսկու անվան Բարձրագույն դպրոցում:

Մահացել է 1976 թ.:



ԳՈՒՐԳԵՆՈՎ Վյաչեսլավ Իվանի

ԳՈՒՐԳԵՆՈՎ Վյաչեսլավ Իվանի


Ծնվել է 1935 թ. Գրոզնիում:

1959 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի արևելագիտության ֆակուլտետը և գործուղվել Հնդկաստան՝ Կալկաթա՝ աշխատելու ԽՍՀՄ Գլխավոր հյուպատոսարանում:

1963 թ-ից արտաքին հետախուզությունում է: 1965-1971 թ.թ.՝ գործուղվում է օպերատիվ աշխատանքի Հնդկաստան: 1971-1978 թ.թ.՝ ԱԳՎ կենտրոնական ապարատի աշխատակից: 1978-1983 թ.թ.՝ ռեզիդենտ Պակիստանում: 1983-1989 թ.թ.՝ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՊԱԿ ԱԳՎ կենտրոնական ապարատում: 1989 թ.՝ ԱԳՎ պետի տեղակալ:

1991 թ.՝ ԱՀԾ տնօրենի տեղակալ:

Մահացել է 1994 թ.:



ԱԼԱՎԵՐԴՈՎ Միխայիլ Անդրեյի

ԱԼԱՎԵՐԴՈՎ Միխայիլ Անդրեյի


Ծնվել է 1900 թ. Շուշիում:

Ավարտելով Շուշիի գիմնազիան՝ 1919 թ-ից ԱՀ աշխատակից է: 1923 թ. աշխատել է ՄՊՔՎ Արևելյան բաժնում: Աշխատանքին զուգահեռ ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելագիտության ֆակուլտետը:

1925-1930 թ.թ. գործուղվել է Իրան, 1928-ից՝ ռեզիդենտուրայի ղեկավարն է: 1930-1933 թ.թ. աշխատել է հետախուզության կենտրոնական ապարատուում: 1933-1934 թ.թ. ռեզիդենտն է Ավստրիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում, 1934-1936 թ.թ.՝ Աֆղանստանում, 1936-1938 թ.թ. Թուրքիայում: Վերադառնալով Մոսկվա՝ աշխատել է արտաքին հետախուզության կենտրոնական ապարատում: 1941-1944 թ.թ. ռեզիդենտն է Քաբուլում: 1944-1947 թ.թ. ղեկավարել է արտաքին հետախուզության տեղեկատվական բաժինը: 1947 թ. նոյեմբերին նշանակվել է Տեղեկատվական կոմիտեի Բարձրագույն հետախուզական դպրոցի պետի տեղակալ` ուսումնական և գիտական գծով:

Մահացել է 1968 թ.:



ՄՆԱՑԱԿԱՆՈՎ Ազարիա Հայրապետի

ՄՆԱՑԱԿԱՆՈՎ Ազարիա Հայրապետի


Ծնվել է 1900թ. Արդեբիլ քաղաքում (Իրան):

1928-1935 թ.թ. ԱՀ արտասահմանյան բաժնի՝ Թեհրանի, այնուհետև Բեռլինի ռեզիդենտուրաների աշխատակից:

1935 թ. Վիեննայում՝ ռեզիդենտի տեղակալ (փոխդեսպանի պաշտոնով ):

1936 թ. Մոսկվայում ՆԳԺԿ ՊԱԳՎ 7-րդ բաժնի բաժանմունքի պետի օգնական:

1938 թ. ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, դատապարտվել գերագույն պատժի և գնդակահարվել:

Արդարացվել է 1964 թ.:



ՅՈՒԶԲԱՇՅԱՆ Մարիուս Արամի

ՅՈՒԶԲԱՇՅԱՆ Մարիուս Արամի


Ծնվել է 1924 թ. Բաթումում:

1943 թ-ից աշխատել է պետանվտանգության մարմիններում: 1943-1944 թ.թ.՝ ՆԳԺԿ Թբիլիսիի դպրոցի ուսանող: 1944-1945թ.թ.՝ ՆԳԺԿ Լվովի մարզի 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի օպերլիազորի օգնական, թշնամու թիկունքում գործող պարտիզանական ջոկատների հրամանատարի տեղակալ:

1945-1954 թ.թ.՝ օպերատիվ աշխատանքի է անցնում ՈՒկրաինական ԽՍՀ պետանվտանգության մարմիններում:

1955-1978 թ.թ. ՊԱԿ-ի կենտրոնական ապարատում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Եղել է ԱԳՎ գաղտնի հետախուզության պետի տեղակալը:

1978-1988 թթ.՝ ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ: Զոհվել է 1993 թ.:



ԳԵՎՈՐԳՅԱՆ (ԿԵՎՈՐԿՈՎ) Վյաչեսլավ Երվանդի

ԳԵՎՈՐԳՅԱՆ (ԿԵՎՈՐԿՈՎ) Վյաչեսլավ Երվանդի


Ծնվել է 1924 թ. Մոսկվայում:

Ավարտել է օտար լեզուների ռազմական ինստիտուտը:

1945 թ-ից աշխատել է Բեռլինում որպես Գերմանիայում դաշնակցային ուժերի զինվորական վարչության աշխատակից` մասնակցելով նախկին ռայխի ռազմական աշխատողների բացահայտմանը: Այնուհետև աշխատել է ԽՍՀՄ բանակի գլխավոր շտաբում: Ապա ՊԱԿ-ի Երկրորդ (հակահետախուզության) ԳՎ բաժնի պետ, վարչության պետ: 1969 թ. ՊԱԿ նախագահ Յու. Անդրոպովի հանձնարարությամբ ստեղծել է ԽՍՀՄ և ԳԴՀ բարձրագույն ղեկավարության «Գաղտնի կապուղու» համակարգը: Գեներալ-մայոր Վ. Գևորգյանի անմիջական ղեկավարությամբ ԽՍՀՄ ԱԳՆ-ի համակարգում 1975 թ. կազմակերպվեց անվնտանգության ծառայություն, որի աշխատանքի արդյունքներով բացահայտվեցին օտարերկրյա հատուկ ծառայությունների մի շարք գործակալներ:

Ներկայումս բնակվում է Մոսկվայում:



ԹՈՒՄԱՆՅԱՆ Հայկ Ղազարի

ԹՈՒՄԱՆՅԱՆ Հայկ Ղազարի


Ծնվել է 1901 թ. Դսեխ գյուղում:

Ավարտել է Մոսկվայի Սվերդլովի անվան համալսարանը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելագիտական ֆակուլտետը:

1930 թ. փետրվարից ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչությունում է: Աշխատել է Չինաստանում, այնուհետև վարչության՝ հատուկ հանձնարարությունների գծով սպա, «Ա» հատուկ բաժանմունքի (ակտիվ հետախուզություն, հետախուզական դիվերսիոն ծառայություն) պետ: Եղել է Իսպանիայում հանրապետական բանակի ռազմական խորհրդականը:

Հ. Թումանյան ղեկավարել է մի շարք հետախույզների աշխատանքը, այդ թվում՝ Ուրսուլա Համբուրգերի (Կուչինսկայա, օպերատիվ ծածկանունը՝ «Սոնյա»):

Մահացել է 1971 թ.:



ՎԱՐԴԱՆՅԱՆ Լևոն Պարույրի

ՎԱՐԴԱՆՅԱՆ Լևոն Պարույրի


Ծնվել է 1929 թ. Երևանում:

Իր ծառայությունը Խորհրդային բանակում սկսել է 1946 թ-ից: 1954 թ. ավարտել է Լենինգրադի Մ. Ֆրունզեի անվան բարձրագույն ռազմածովային ուսումնարանի ականատորպեդային ֆակուլտետը: Այնուհետև ՄՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը, որից հետո հրավիրվել է ծառայության ռազմական հետախուզությունում: Եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:

Առաջին ծառայողական գործուղման մեկնել է 1966 թ.: Աշխատել է Աֆղանստանում և Իրանում: ԽՍՀՄ ՆԽ կողմից 1981 թ. նրան շնորհվել է փոխծովակալի կոչում:

Ականավոր ռազմական հետախույզ Լ. Վարդանյանն իր ընտանքիով ներկայումս բնակվում է Մոսկվայում:



ՂԱՍԱԲՅԱՆՆԵՐ Զոհրաբ և Արշալույս

ՂԱՍԱԲՅԱՆՆԵՐ Զոհրաբ և Արշալույս


Զ. Ղասաբյանը ծնվել է 1919 թ. Ստամբուլում: Պատմական գիտությունների դոկտոր Զ. Ղասաբյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ ավագ գիտաշխատող: Կատարյալ տիրապետել է բուլղարերեն, ֆրանսերեն, թուրքերեն, քրդերեն, ռուսերեն լեզուներին:

1922-1946 թ.թ. Զ. Ղասաբյանը բնակվել է Բուլղարիայում: Ֆ աշիստական ռեժիմի դեմ ընդհատակյա պայքարի ակտիվ մասնակիցներից էր, որի համար ձերբակալվել և դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 1944 թ. պարտիզանների կողմից ազատվել է բանտից և նրանց շարքերում մարտնչել մինչև պատերազմի ավարտը:

Ա. Ղասաբյանը ծնվել է 1921 թ. Թուրքիայում: Մինչև 1946 թ. բնակվել է Բուլղարիայում, որտեղ ամուսնում հետ մասնակցել է ընդհատակյա գործունեությանը:

Պետանվտանգության մարմինների հետ Զ. Ղասաբյանը սկսել է համագործակցել 1956 թ-ից: Իր կնոջ` Ա Ղասաբյանի հետ հետախուզական դասընթացներ է անցել Մոսկվայում: 1963-1969 թ.թ. հաջողությամբ աշխատել են գաղտնի հետախուզության շարքերում:



ՀԱԿՈԲՅԱՆ Աշոտ Աբգարի

ՀԱԿՈԲՅԱՆ Աշոտ Աբգարի


Ծնվել է Բաքվում 1915 թ.:

1946-ին անլեգալ հետախուզական աշխատանք է կատարել Ռումինիայում (ծածկանունը՝ «Եփրատ»): Գործել է Հովհաննես Սարաջանյանի փաստաթղթերով՝ ծնված 1916-ին մայիսի 9-ին, Թուրքիայում:

1949 – 1959 թթ. Հակոբյանը ղեկավարել է ԽՍՀՄ ՊԱԿ ԱԳՎ գաղտնի ռեզիդենտուրան Իտալիայում:

1953-ին Հակոբյանը մեկնել է Կահիրե՝ նույնպես ծպտյալ աշխատանքի: 1954-ին վերադարձել է Հռոմ:

1950-ականների վերջին հաստատվել է Հայաստանում:

Մահացել է 1981 թ.:



ՎԱՐԴԱՆՅԱՆ Գևորգ Անդրեյի

ՎԱՐԴԱՆՅԱՆ Գևորգ Անդրեյի


Խորհրդային Միության Հերոս

Ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին Դոնի-Ռոստովում:

Հետախուզությունում է 1940 թ. փետրվարից: Ղեկավարել է Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ֆաշիստական հետախույզների և գործակալների բացահայտման հատուկ խումբը, որը միայն 2 տարում բացահայտել է գերմանական հետախուզության հետ կապված ավելի քան 400 մարդու: 1943թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ մասնակցել է «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման աշխատանքներին:

1951թ. ավարտել է Երևանի պետհամալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Այնուհետև, երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում գործել է որպես ծպտալ հետախույզ: Թոշակի անցնելուց հետո՝ գնդապետ Վարդանյանը բնակվում է Մոսկվայում:

 Մահացել է 10.01.2012 թ.



Գևորգ Վարդանյանը տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ

 

 Խորհրդային Միության Հերոս Գևորգ Վարդանյանը տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ՝ արտերկրում հետախուզական աշխատանքի տարիներին


«Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի երկու ցուցափեղկերում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝

  • Քաղվածք հոդվածից` ԱՀ արտաքին բաժնի առաջին ղեկավար Հ. Ք. Դավթյանի մասին («Գոլոս Արմենիի», 2000 թ.).
  • Հոդված Հ. Հովակիմյանի կյանքի և գործունեության մասին («Գոլոս Արմենիի», 30.09.2000 թ.).
  • Հ.Բ.Հովակիմյանին` 27.04.1940 թ. տրված ՆԳԺԿ վաստակավոր աշխատակցի պատվոգիրը.
  • Գեներալ-մայոր Հ. Բ. Հովակիմյանի` ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմիսարիատի ծառայողի վկայականը (տրված 17.10.1944 թ.).
  • Հ. Բ. Հովակիմյանի` ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն մուտք գործելու վկայականը (տրված 22.07.1946 թ.).
  • Հ. Բ. Հովակիմյանի` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուի քարոզչական թերթիկը (1947 թ. հունվար).
  • Հ. Բ. Հովակիմյանին և մի շարք այլ գիտնականներին տրված հեղինակային վկայականը՝ հերթական գիտական հայտնագործության համար (22.02.1957 թ., պատճեն).
  • «ՄՈՐԶԵ» ԱՊԱՐԱՏ: Օգտագործվել է Խորհրդային Միության հերոս Գ. Ա. Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գ. Լ. Վարդանյանի, կողմից՝ արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում՝ շուրջ 15 տարի.
  • ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐ: Օգտագործվել է Խորհրդային Միության հերոս Գ. Ա. Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գ. Լ. Վարդանյանի, կողմից՝ արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում՝ Կենտրոնից ռադիոհաղորդագրությունների ընդունման նպատակով.
  • ՀԱՏՈՒԿ ԱԿՆՈՑ: Օգտագործվել է Խորհրդային Միության հերոս Գ. Ա. Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գ. Լ. Վարդանյանի, կողմից՝ արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում՝ փափուկ ժապավենի վրա ռադիոհաղորդագրությունների ընթերցման նպատակով.
  • ԲԵՌՆԱՄՓՈՓ (պատրաստված ծառի ճյուղի հատվածից): Օգտագործվել է Խորհրդային Միության հերոս Գ. Ա. Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գ. Լ. Վարդանյանի, կողմից՝ արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում՝ ֆոտոժապավենները Կենտրոն փոխանցելու նպատակով.
  • ՀԱՄՐԻՉ (սև օնիքսից՝ արծաթե մեխերով): Պատկանել է Խորհրդային Միության հերոս Գ. Ա. Վարդանյանի հորը՝ Անդրեյ Վարդանյանին, 19301953 թթ. Իրանում բնակվելու ժամանակ: Ա. Վարդանյանը նվիրել է այն Գևորգ և Գոհար Վարդանյաններին՝ արտերկիր գաղտնի աշխատանքի մեկնելիս որպես թալիսման, որը և նրանց կողմից պահվել է գործուղման ողջ ընթացքում.
  • ԴՐԱՄԱՊԱՆԱԿ: Օգտագործվել է Խորհրդային Միության հերոս Գ. Ա. Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գ. Լ. Վարդանյանի, կողմից՝ արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում՝ միկրոժապավեններ պահելու նպատակով.
  • ՀՈՒՇԱՆՎԵՐ՝ պատրաստված 2005 թ.՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի համատեղ կյանքի 65-ամյակի կապակցությամբ (օպտիկական բյուրեղ).
  • Զ. Մ. Ղասաբյանի գիրքը. գրքում հեղինակը ներկայացնում է իր կյանքի անցած ուղին, նոր լույս է սփռում ԽՍՀՄ և Խորհրդային Հայաստանի հետախուզության պատմության առանձին դրվագների վրա (2005 թ.):