Հին Հայաստանում անվտանգության ապահովման պատմությունից


Հին Հայաստանում անվտան•գության ապահովման պատմությունից թեմայով ցուցափեղկերը

«Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝
Հին Հայաստանում անվտանգության ապահովման պատմությունից» թեմայով ցուցափեղկերը

Հին Հայաստանում արտաքին ու ներքին անվտանգության ապահովման գործառույթներին, մասնավորապես, հետախուզական և հակահետախուզական գործունեությանը, դրա առանձին բաղադրիչներին վերաբերող պատմական հուշարձանները թվագրվում են դեռևս ուրարտական (Արարատյան թագավորության) ժամանակաշրջանից:

Ժամանակակիցներիս տրամադրության տակ է ուրարտական ժամանակաշրջանի մի սեպագիր արձանագրություն՝ թշնամական Ասորեստանից ուղարկված երկու լրտեսների վնասազերծման մասին, որը պահվում է Հայաստանի Հանրապետության պատմության պետական թանգարանում:

Սեպագիր արձանագրությունների բովանդակության վերծանումը և հետազոտումը ցույց են տալիս, որ Ուրարտու երկրում (Արարատյան թագավորությունում) հետախուզական և  հակահետախուզական գործունեությունը դրված է եղել պետական հիմքերի վրա, հանդիսացել է պետական գործունեության ուղղություններից մեկը:


ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 Սեպագիր            Սեպագիր

Բովանդակությունը՝

Հետախուզական զեկույց Թեյշեբայինի կուսակալին Ինուշ-շիլի Ուրմեից:
Վնասազերծվել են լրտեսության մեջ կասկածվող երկու մարդ՝ Խալդիպուրա և Ուրադի անուններով:
Արքային է ուղարկվել զանազան իրերով բեռը: Ժամանել են 5 մարդ, որոնք ծառայում են ոմն Ցիպային:
Ինքը՝ Ցիպան, ուղարկվել է արքայի մոտ, որտեղ ճշմարտացի ցուցմունքներ է տվել:
Տեղեկություններ Ուրադիի և Խալդիպուրիի գործողությունների մասին:



Հին Հայաստանում արտաքին ու ներքին քաղաքական ու տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության ձևերն ու բովանդակությունը տարբեր ժամանակաշրջաններում պայմանավորված են եղել ռազմաքաղաքական իրավիճակների և պետական կառուցվածքի առանձնահատկություններով: Անվտանգության հարցերով Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների ժամանակներում և Կիլիկյան Հայաստանում զբաղվել են ինչպես ամբողջական պետական մարմիններ՝ նախարարություններ, գործակալություններ, այնպես էլ՝ առանձին պաշտոնյաներ:


«Այս գործակալութիւն եվ մարդպետութիւն, որում Հայրն կոչէին,
ներքինեաց գործ լեալ էր ի բնէ ժամանակաց թագաւորութեանն Արշակունոյ»

Փ. Բուզանդի վկայությունը`
«Մարդպետություն» գործակալության մասին
(Փ. Բուզանդ. «Հայոց պատմություն». IV-V դ.):


Հայր մարդպետներին՝ «Մարդպետություն» գործակալության ղեկավարներին, հանձնարարված է եղել ներքին գործերի վարումը, ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես, արքունիքի վերակացությունը, նրանց է վստահված եղել թագավորական ամրությունների և բերդերի պահպանությունը, ինչպես նաև արքունի գանձերի ու կալվածքների վերահսկողությունը Արշակունյաց թագավորության շրջանում:
«Մաղխազություն» գործակալության ղեկավարը պատասխանատու էր թագավորի անձի պաշտպանության համար և նա գլխավորում էր արքունի թիկնապահներին, որոնց թիվը եղել է շուրջ երկու հազար: «Մաղխազություն» գործակալությունը վարել են Խորխոռունյաց տոհմի նահապետները:

Վաղարշակ հաստատեց «թիկնապահս իւր, զինու հանդերձ, ի զաւակացն Խոռայ Հայկազնոյ, արս ընտիրս
եվ քաջս, նիզակաւորս եվ սուսերաւորս. եվ զգլուխ նահապետութեան նոցա զՄաղխազ ոմն այր բարի եվ սրտեայ»
 
Մ. Խորենացու վկայությունը`
«Մաղխազություն» գործակալության մասին
(Մ. Խորենացի. «Հայոց պատմություն». V դ.):

Անվտանգության ապահովման գործի և, հատկապես, դրա հիմնարար սկզբունքների վերաբերյալ ժամանակակիցներիս հայտնի արժանահիշատակ պատմական հուշարձաններից է Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»:

Մխիթար Գոշը Հայաստանի մեծազոր, ինքնիշխան տիրակալ Զաքարիայի խոստովանահայրն էր, և տիրակալը Գոշի կարծիքն ավելի բարձր էր գնահատում և հաշվի առնում, քան եկեղեցական մի ողջ ժողովի: Դրանով է, թերևս, բացատրվում Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» տեղ գտած լրտեսների ու հետախույզների մասին խիզախ արտահայտությունը:


«Վայել չէ թագավորի եվ իշխանի համար գողեր եվ ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են» 

 Մ. Գոշ. «Դատաստանագիրք». Բաժին II, գլուխ Բ


Անվտանգության ապահովման գործի առանձին կողմերին առնչվող պատմական փաստերի մասին մյուս կարևոր հուշարձանը, որի վերաբերյալ նյութերը տեղ են գտել թանգարանում՝ Հայոց մեծ լուսավորիչներ Շահամիրյանների «Որոգայթ փառաց» գիրքն է, որից ներկայացված է, մասնավորապես, հետևյալ մեջբերումը՝  


«Տեսնելով Բարձրահայք աշխարհի Արտաշատ գավառի ժողովրդից ընդունելությունն ու նրանց փոխնորդության թուղթը քեզ եվ հայոց տանուտերերի ատյանի առաջ քո երդմամբ սրտանց համոզվելով Հայոց տանը քո հավատարիմ լինելու մեջ՝ քեզ՝ խորամիտ Պետրոսիդ հայոց Բարձրահայք աշխարհի սահմաններում, Նախիջեվան քաղաքում եվ նրա շրջակա տարածքում, երեք տարի ժամանակով շնորհեցինք լրտեսապետի պաշտոն, որ խորամիտ Պետրոսդ հաստատուն մնաս իբրեվ լրտեսության պետ: Քեզ իշխանութիւն տուեցինք, որ Հայոց տան ծախսաւ խաղաղութեան ժամանակ տասներկու, իսկ պատերազմին ժամանակ երեսուն ու վեց խելամիտ ծառայողներ վերցնես լռելեայն շրջեցնելով նրանց Հայաստանյայց երկրի երեսին եվ օտար աշխարհում հայոց թշնամիների կամ դրացիների երկրում, ամենեայն զգուշավորութեամբ ձեռք բերելով ամեն տեսակ տեղեկութիւններ...» 

(«Որոգայթ փառաց». Հատոր II, «Նշավակ». Կարգադրություն հայոց՝
Հայաստանյայց աշխարհի կառավարման համար, գլուխ 65. Լրտեսապետի հրամանի օրինակ)


Այսպիսով՝ «Հին Հայաստանում անվտանգության ապահովման պատմությունից» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի երկու ցուցափեղկերում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝ 

  • Սեպագիր արձանագրություն` ասորական երկու լրտեսների վնասազերծման մասին (ուրարտական շրջան` մ.թ.ա. 7-6 դ.) դիմային կողմ:  Կաղապարվածք` 1/5 մեծացմամբ.
  • Սեպագիր արձանագրություն` ասորական երկու լրտեսների վնասազերծման վերաբերյալ (ուրարտական շրջան` մ.թ.ա. 7-6 դ.) հակառակ կողմ:  Կաղապարվածք` 1/5 մեծացմամբ.
  • Քաղվածքներ` ուրարտական շրջանի սեպագիր արձանագրություններից (Ի. Մ. Դյակոնով. Ուրարտական գրություններ և փաստաթղթեր. Մ.-Լ., 1963  թ.).
  • Փ. Բուզանդի վկայությունը` «Մարդպետություն» գործակալության մասին (Փ. Բուզանդ. «Հայոց պատմություն». IV-V դ.): Կաղապարվածք` ձևավորումով.
  • Մ. Խորենացու վկայությունը` «Մաղխազություն» գործակալության մասին (Մ. Խորենացի. «Հայոց պատմություն». V դ.): Կաղապարվածք` ձևավորումով.
  • Մեջբերում` Մխիթար Գոշի «Դատաստանագրքից» (Մ. Գոշ. «Դատաստանագիրք». Բաժին II, գլուխ Բ) Կաղապարվածք` ձևավորումով.
  • Մեջբերում` Շահամիրյանների «Որոգայթ փառաց» գրքից («Որոգայթ փառաց». Հատոր II, գլուխ 65) Կաղապարվածք` ձևավորումով: