ՀՀ ԱԱԾ Տնօրենի ելույթը Թանգարանի բացման կապակցությամբ

ՀՀ ԱԱԾ Տնօրեն Գ.Գ. Հակոբյանի ելույթը Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի բացման կապակցությամբ

Հարգելի հյուրեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը, որոշելով հիմնել Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանը, նպատակ է հետապնդել ոչ միայն համակարգել ազգային անվտանգության մարմինների պատմության ընթացքում արձանագրված ձեռքբերումների և, ընդհանրապես, կարևոր շրջադարձային իրադարձությունների մասին վկայող փաստագրական նյութերը, այլև հիմք ստեղծել դրանց հետագա առավել խորը, գիտական մակարդակով ուսումնասիրման համար:

Մենք քաջ գիտակցում ենք, որ առանց անցյալի համակողմանի ուսումնասիրման և իմաստավորման չի կարող ապահովվել ազգային անվտանգության մարմինների գործունեության առաջընթաց զարգացումը և կատարելագործումը:

Հայկական անկախ պետությունների և, հատկապես, երեք հանրապետությունների օրոք ձևավորված անվտանգության մարմինների պատմությունը կապված է ինչպես լուրջ հաջողությունների, այնպես էլ առանձին ցավալի իրադարձությունների հետ, ինչպես, օրինակ, Խորհրդային Հայաստանում ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների և դրանց կազմում նաև ՀԽՍՀ համանուն մարմինների ապարատի օգտագործումը քաղաքական բռնաճնշումների անհեռանկար և հակաժողովրդավարական քաղաքականության մեջ:

Այդ իմաստով՝ հարկ է նշել նաև, որ նորաստեղծ թանգարանի գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի առավելագույնս օբյեկտիվ և պատմական իրադարձությունների գնահատման տեսանկյունից՝ անկողմնակալ աշխատանքի արդյունքում ներկայացնել անվտանգության մարմինների ստեղծման և գործունեության փաստական կողմը, հնարավորություն ստեղծել՝ առավ ել ամբողջական պատկերացում կազմելու համար ինչպես անվտանգության գործի մասին ընդհանրապես, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների զարգացման ընթացքի և հեռանկարների մասին:

Թանգարանի կարևոր առաքելություններն են նաև՝ նպաստել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անձնակազմի, հատկապես երիտասարդ աշխատակիցների հետ տարվող դաստիարակչական աշխատանքին, նրանց շրջանում ձևավորել հայկական պետության հիմքերն ամրապնդելու գործին անձնվիրաբար ծառայելու զգացում, առհասարակ արմատավորելու և ամրապնդելու պետական մտածելակերպը:

Թանգարանի պատերի ներսում պետք է կազմակերպվեն ազգային անվտանգության ծառայության օպերատիվ կազմի աշխատակիցների երդման և անվտանգության մարմինների աշխատակիցների շարքերն անցնելու հանդիսավոր արարողությունները:

Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և հաջողութուններ՝ ցուցադարանի հարստացման և ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխանող թանգարանի կայացման ճանապարհին:

Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի բոլոր այցելուներին՝ անձնական հաջողություններ և տպավորությունների հարուստ պաշար՝ թանգարանի ցուցադարանին ծանոթանալիս: