Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի մասին

ՀԱՄԱՌՈՏ  ԱԿՆԱՐԿ

Հայ ժողովուրդը, լինելով աշխարհի հնագույն պետականությունները կրող ժողովուրդներից մեկը, իր պատմության ընթացքում մշտապես պայքարել է իր պետության զարգացման ու շարունակական հզորացման համար՝ այդ ճանապարհին մերթ հասնելով լուրջ նվաճումների, մերթ հանդիպելով անհաղթահարելի խոչընդոտների, որպես դրա հետևանք՝ կորցնելով պետականությունը, ապա նորից վերականգնելով այն՝ ծանրագույն զրկանքների ու մաքառումների գնով:

Հայկական պետականության անէացման ամենաերկար և, իրապես, ամենավնասաբեր ու ավերիչ ժամանակաշրջանը սկիզբ է առնում Կիլիկիայի հայկական պետության անկումից և տևում մինչև 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, որոնց արդյուքնում հայաբնակ տարածքներում և դրանց շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում հայ ժողովրդին ու նրա հասարակական-քաղաքական վերնախավին այլ բան չէր մնում, քան, բռունցքվելով ու համախմբելով վերջին ուժերը, հռչակել անկախ պետության վերաստեղծման մասին՝ քաջ գիտակցելով, որ դրա կայացումը պահանջելու է նորանոր զոհաբերություններ, ամենօրյա գերլարված, տքնաջան աշխատանք:

Նպատակ չունենալով ընթերցողին ներկայացնել մեր պետականության կորստի և վերականգման հետ կապված իրադարձություններին վերաբերվող վերլուծական-հետազոտական մանրամասներ՝ նշենք միայն, որ այդ իրադարձությունները, որպես կանոն, տեղի են ունեցել նաև այն պատճառով, որ հայկական իշխանություններից և ոչ մեկի օրոք չի հաջողվել հիմնել հասարակական և ռազմաքաղաքական մտքի ձևավորման ու զարգացման հիմնահարցերով զբաղվող այնպիսի կառույցներ, որոնց գործունեության արդյունքների հետ հաշվի կնստեին ամենաբարձր իշխանավորները, և որոնց աշխատանքը նպատակամղված կլիներ երկրի համար առավել անվտանգ գոյության ու զարգացման բանաձևի մշակմանը:

Մենք՝ ժամանակակիցներս, այն երջանիկներն ենք, որոնց բախտ է վիճակվել օգտագործել պատմության ընձեռած հնարավորությունը՝ իրականացնելով հայոց պետականության վերականգնման մեր նախնիների երազանքը, ստեղծել նաև այնպիսի երաշխիքներ, որոնք պետք է ապահովեն հայկական պետության հարատև գոյությունը և առաջընթաց զարգացումը: Այդ երաշխիքներից մեկը և, թերևս, ամենակարևորը պետական մտածողության արմատավորումն է երկրի հասարակական-քաղաքական կյանքի մասնակիցների, իրավապահպան համակարգի աշխատողների, լայն հասարակության և ամբողջ բնակչության շրջանում: Պետական մտածողության և իրավագիտակցության բարձր մակարդակն անշրջելի են դարձնում պետականության գոյության ընթացքը նախ և առաջ այդ պետականությունը կրող մարդկանց ուղեղներում:

Հայտնի է, որ պետական մտածելակերպը բոլոր ժամանակներում հատուկ է եղել առաջին հերթին զինվորականությանը, մասնավորապես, ռազմական գործիչներին ու զինծառայողներին, ազգային (պետական) անվտանգության մարմինների աշխատակիցներին, ինչպես նաև իրավապահպան գործունեության սուբյեկտ հանդիսացող անձանց: Պետության ուժային կառույցները սեփական ժողովրդի աչքերում վստահություն են ձեռք բերում հենց այդ հանգամանքի շնորհիվ: Եվ պատահական չէ այն խորը հարգանքը և հարազատական վերաբերմունքը, որը տածում է ժողովուրդը՝ նշված հատկանիշներով օժտված բանակայինների, անվտանգության և այլ ուժային մարմինների աշխատակիցների նկատմամբ:

Բնականաբար, այդ մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն ոչ միայն համապատասխան ձևով իրենց ժողովրդին և հասարակությանը ներկայանալու համար, այլև մշտապես աշխատանք պետք է կատարեն՝ սեփական պատմությունն ուսումանսիրելու, արած և չարած գործերից ճիշտ հետևություններ անելու, զարգացման հայեցակարգեր մշակելու ուղղությամբ:

Բացառություն չեն կարող լինել նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինները: ՀՀ ԱԱԾ ղեկավարությունը և ողջ անձնակազմը, 1991 թ. պատմական հանրաքվեի արդյունքում, հայոց պետության վերածննդի առաջին իսկ օրվանից մշտապես գիտակցել են ինչպես սեփական շարքերում պետական մտածելակերպի արմատավորման անհրաժեշտությունը և որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, այլև ջանքեր են գործադրել, որպեսզի պետական իշխանության և կառավարման մարմիններում, երկրի քաղաքական համակարգի մյուս բաղկացուցիչ տարրերում ընդգրկված անձինք և, առհասարակ, բոլոր քաղաքացիներն իրենց կենսագործունեության ընթացքում և առօրյա աշխատանքում առաջնորդվեն նորաստեղծ պետության հիմքերն ամրապնդելու, օրինականությունը պահպանելու գաղափարներով:

Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանը գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի՝ Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող անկյունային հատվածի երկրորդ հարկում, ԱԱԾ նախկին գրադարանի և դրան կից սենյակների տարածքում՝ շուրջ 80 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:

Թանգարանի ցուցադարանն ամփոփված է տասնութ ցուցափեղկերում և ընդգրկում է հետևյալ բաժինները՝

  1. «Հին Հայաստանում  անվտանգության ապահովման պատմությունից» - երկու ցուցափեղկ.
  2. «1918-1920 թ.թ. Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինները» - երկու ցուցափեղկ.
  3. «1921-1988 թ.թ. Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծումը և գործունեությունը» - երեք ցուցափեղկ.
  4. «1988-1991 թ.թ. ժամանակաշրջանում ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների գործունեությունից» - մեկ ցուցափեղկ.
  5. «Հետախուզության և հակահետախուզության ժամանակակից պատմությունից» - երեք ցուցափեղկ.
  6. «Սահմանադրական կարգը պահպանելիս» (Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության և Հատուկ մարտական գործողությունների վարչության ստեղծման և գործունեության պատմությունից) –- մեկ ցուցափեղկ.
  7. «Սահմանապահ զորքերի պատմությունից» - մեկ ցուցափեղկ.
  8. «Միջազգային համագործակցության նյութերից» — «Կադրերի պատրաստման և գիտաուսումնական գործունեության ժամանակակից պատմությունից» - մեկ ցուցափեղկ.
  9. «Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք» - երկու ցուցափեղկ.
  10. «Օպերատիվ-տեխնիկական ծառայությունների և կապի ստորաբաժանումների գործունեության պատմությունից» - մեկ ցուցափեղկ.
  11. «Հանդիսավոր միջոցառումների և միջազգային հանդիպումների նյութերից» - մեկ ցուցափեղկ:

 

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոն