Հայաստանի անվտանգության մարմինների համառոտ պատմություն

Անվտանգության ապահովման գործի սկզբնավորումը Հայաստանում թվագրվում է հնագույն ժամանակներով: Պետականության զարգացման տարբեր փուլերում անվտանգության ապահովման ուղղությամբ խնդիրների իրագործումը վստահված է եղել ինչպես առանձին պետական պաշտոնյաներին՝ իրենց ենթականերով, այնպես էլ ամբողջական նախարարական տներին (գործակալություններին):

Պետականության կորստով պայմանավորվեց նաև դրանց վերացումը:

Հայաստանը 1918 թվականի մայիսի 28-ին ձեռք բերեց բաղձալի անկախությունը, որը, սակայն, կարճ տևեց: Պատմական այդ կարճ ժամանակահատվածում, ռազմաքաղաքական ու տնտեսկան ծանր իրավիճակում, հայ ժողովրդի նվիրյալներին, այնուամենայնիվ, հաջողվել է նշանակալից քայլեր կատարել պետական շինարարության, այդ թվում նաև անվտանգության համակարգի ձևավորման ասպարեզում: Հանրապետության անվտանգության առումով առավել քան առաջնայիններից էր Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում գործող հետախուզական բաժանմունքը:

Ըստ արխիվային փաստաթղթերի՝ դեռ 1918 թ. օգոստոսի 13-ին ՀՀ Նախարարների խորհուրդը քննարկում է Ռազմական նախարարության միջնորդությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ հետախուզական և հակահետախուզական, ծախսերը ծածկելու նպատակով գումարներ հատկացնելու վերաբերյալ: Նախարարների խորհուրդը որոշում է կայացնում հետախուզության և հակահետախուզության կարիքների համար հատկացնել 20-ական հազար ռուբլի:

Սակայն հետախուզության և հակահետախուզության ուղղությամբ աշխատանքների սկզբնաժամկետ կարելի է համարել նաև նույն թվականի օգոստոսի 8-ը, երբ Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում ծառայության նշանակվեց պորուչիկ Արտեմի Նիկիտային Հովհաննիսյանը (Հովհան Խան-Կոտուրսկի կամ Ղոթուրի): Նա Գլխավոր շտաբի գործունեության հակահետախուզական ուղղության առաջին ղեկավարն էր: Հետախուզական աշխատանքների գծով առաջին ղեկավարն է եղել փոխգնդապետ Ալեքսանդր Կոնստանտինի Շնեուրը:

1919 թ. սեպտեմբերից մինչև 1920 թ. ապրիլ ամիսը հետախուզական բաժանմունքն ղեկավարել է կապիտան Վահագն Մուրադյանը, որին այնուհետ փոխարինել է կապիտան Տիգրան Դևոյանը: Նշված բաժանմունքում եղել են հետախուզությամբ, հակահետախուզությամբ, հանցագործությունների դեմ պայքարով, դիտարկմամբ և գործակալների աշխատանքի ղեկավարմամբ զբաղվող ստորաբաժանումներ:

Բացի այդ, Հայաստանի Առաջին Հանրապետության Ռազմական նախարարության Գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքը փորձում էր աշխատանքներ ծավալել նաև արտասահմանում: Այդ աշխատանքներն առաջին հերթին ընդգրկում էին Անդրկովկասը, Ռուսաստանի հարավը և Հյուսիսային Կովկասը: Տվյալ գործունեությունը կազմակերպելու համար օգտագործվում էին արտաքին գործերի նախարարության հնարավորությունները: Միաժամանակ փորձ էր արվում Թիֆլիսում և Բաքվում գտնվող հայկական դիվանագիտական ներկայացուցչություններում զինվորական կցորդի հաստիքներ բացել: ՀՀ Ռազմական նախարարության Գլխավոր շտաբի սպա, գեներալ-մայոր Ղորղանովի (Կորգանով) նախաձեռնությամբ, մեծ դժվարությամբ ֆինանսական միջոցներ են գտնվում և 1919 թ. հուլիսից այդ կարևոր օղակը սկսում է գործել: Այդ բաժինը կատարել է նաև արտաքին հետախուզական աշխատանքներ Թուրքիայում և Իրանում:

Այսպիսով, երկարատև պատմական ընդմիջումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանում ստեղծվեց ու գործեց հատուկ ծառայություն:

Հայաստանի անվտանգության համակարգի պատմության երկրորդ փուլը սկսվում է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու ժամանակաշրջանով: 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր և անվտանգության համակարգն, իր մասնակի տեղական բնույթի յուրահատկություններով հանդերձ դառնում է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների անքակտելի մասը:

1917 թ. դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի նիստում որոշում էր կայացվել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահ էր նշանակվել Ֆ. Է. Ձերժինսկին: 1920 թ. դեկտեմբերի 6-ին, Հայաստանում խորհրդային կարգեր հասատատվելուց օրեր անց Հանրապետության Հեղկոմի դեկրետով ստեղծվում է ՀԽՍՀ Արտակարգ Հանձնաժողովը: Նույն դեկրետով Հայաստանի Կարմիր բանակում հակահեղափոխական հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով ստեղծվում է ԱՀ-ին կից Հատուկ Բաժինը:

ՀԽՍՀ ԱՀ-ի առաջին նախագահ է նշանակվում Նիկոլայ Եմելյանի Այվազովը (Այվազյան): 1921 թ. հունվարին այն արդեն ղեկավարում էր ճանաչված բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը (մինչև 1924 թ.), որի տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929թթ ղեկավարել է համակարգը): 1929 թ. մարտից մինչև 1930 թ. հոկտեմբեր ՀԽՍՀ ՊՔՎ-ում ղեկավարների արագ փոփոխություններ են տեղի ունենում: Մեկը մյուսին փոխարինեցին Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օթյանը, որոնք այդ թվում նաև նրանց նախորդած Սերգեյ Մելիք-Օսիպովը այնուհետ դարձան 1937-1938 թթ. ստալինյան բռնաճնշումների զոհեր:

 Հայրենական պատերազմի տարիներին որոշակի փոփոխություններ են տեղի ունենում անվտանգության համակարգի կառուցվածքում: 1941 թ. փետրվարին ԽՍՀՄ ՆԳԺԿ-ից անջատվեց ԽՍՀՄ պետական անվտանգության Ժողովրդական կոմիսարիատը (ՊԱԺԿ), սակայն 1941 թ. հուլիսին այդ կառույցները կրկին միավորվեցին ՆԳԺԿ-ի կազմում: 1943 թ. ապրիլին նրանք նորից անջատվեցին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարել է գեներալ-մայոր Գեորգի Իոսիֆի Մարտիրոսովը: Նա մեծ ավանդ ունի պատերազմի ժամանակահատվածում հանրապետության պետական անվտանգության ապահովման գործում: Գ. Ի. Մարտիրոսովը 1952 թ. օգոստոսի 15-ից 1954 թ. ապրիլի 26-ը երկրորդ անգամ է ղեկավարել Հայաստանի անվտանգության մարմինները: 1945-1947 թթ. ՀԽՍՀ Պետանվտանգության մարմինները ղեկավարել է գնդապետ Նիկիտա Արկադիի Քրիմյանը, 1947-1952 թթ.՝ Պետանվտանգության նախարար Սերգեյ Արկադիի Կորխմազյանը: 1954-1972թթ. ՀԽՍՀ ՆԽ-ին առընթեր ՊԱԿ-ը ղեկավարել է Գեորգի Արտաշեսի Բադամյանցը, 1972-1977 թթ.՝ Արկադի Պավելի Ռագոզինը, 1977-1978 թթ.՝ Հրայր Ավանեսի Միքաելյանը,1978-1988 թթ.՝ Մարիուս Արամի Յուզբաշյանը, 1988-1991 թթ.՝ Վալերի Գեորգիի Բադամյանցը:

Հայաստանի ազգային անվտանգության մարմինների պատմության երրորդ փուլի սկիզբը դրվեց 1991թ-ի սեպտեմբերի 21-ից:

 1991 թ. դեկտեմբերի 4-ին ընդունված ՀՀ կառավարության կառուցվածքի և կազմի մասին օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության, որի պետ նշանակվեց գեներալ-մայոր Հուսիկ Սուրենի Հարությունյանը (պաշտոնավարել է 1991-1992 թ. փետրվար): Այդ պաշտոնում նրան հաջորդեցին գեներալ-մայոր Վալերի Վաղարշակի Պողոսյանը (1992-1993 թթ.), գեներալ-մայոր Էդուարդ Գրիգորի Սիմոնյանցը (1993-1994 թթ.), Դավիթ Գուրգենի Շահնազարյանը (1994-1995 թ. մայիս ամիսը): 1995 թ. ՀՀ ԱԱՊՎ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության նախարարության: ՀՀ ԱԱ նախարար նշանակվեց Սերժ Ազատի Սարգսյանը: 1996 թ. նոյեմբերի 8-ին ՆԳՆ-ն և ԱԱՆ-ն միավորվեցին մեկ կառույցում՝ ստեղծելով ՆԳ և ԱԱ նախարարություն: Այդ կառույցը շարունակեց ղեկավարել Ս. Սարգսյանը (պաշտոնավարել է 1995-1999 թ. նոյեմբեր ամիսը): ՆԳ և ԱԱ նախարարությունը 1999 թ. նոյեմբերի 13-ին կրկին տարանջատվեց ՆԳՆ-ի և ԱԱՆ-ի: 1999 թ. նոյեմբերին ԱԱ նախարար նշանակվեց Կառլոս Խաչիկի Պետրոսյանը (պաշտոնավարել է 1999 թ. նոյեմբերից մինչև 2004 թ. նոյեմբերի 5-ը): ՀՀ նախագահի հրամանագրով 2002 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱՆ-ը վերաձևավորվեց ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության: 2004թ. նոյեմբերի 8-ից մինչև 2016թ. փետրվարի 12-ը ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ-ն ղեկավարում էր գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը: 2016թ. փետրվարի 12-ին ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն է նշանակվել Գեորգի Կարենի Կուտոյանը և պաշտոնավարել մինչև 2018 թ. մայիսի 10-ը:


2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանով ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արթուր Գագիկի Վանեցյանը: