Հաճախ տրվող հարցեր

 ՀՀ ԱԱԾ դիմումների, բողոքների և հարցումների ներակայացում

1. Ինչ է անհրաժեշտ էլեկտրոնային տարբերակով դիմումի ներկայացման համար
Քաղաքացու, իրավաբանական անձի էլեկտրոնային տարբերակով հղված դիմումի, բողոքի և առաջարկության վրա պետք է լինի էլեկտրոնային ստորագրություն` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:


2. Ինչ է անհրաժեշտ գրավոր տարբերակով դիմումի ներկայացման համար
Քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը և առաջարկությունը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների` առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

 

ԱԱԾ-ում ծառայության ընդունվելու և ուսուցման կարգը

 1. Ովքեր կարող են դիմել ԱԱԾ-ում ծառայության ընդունվելու համար
 Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն ( բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե» կետերում, 13-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սպայական պաշտոններում ծառայության ընդունվում են միմիայն բարձրագույն կրթության, իսկ ենթասպայական պաշտոններում՝ առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:

2. Որ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո կարելի է ծառայության անցնել ԱԱԾ-ում
ՀՀ ԱԱ ծառայության ստորաբաժանումներն ու սահմանապահ զորքերն երիտասարդ և բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող զինծառայողներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայի, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտների հետ ստորագրված համաձայնագրերի հիման վրա կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում նշված բուհերում:
ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում` ինժեների որակավորում, որից հետո որպես սպա զինվորական ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:
Ուսման տևողությունը 5 տարի է: Այդ ընթացքում կուրսանտներն ապահովվում են բուհերի տարածքում տեղակայված հանրակացարանով և կրթաթոշակով:
Ընդունելությանը կարող են մասնակցել միջնակարգ և ավագ դպրոցների ավարտական դասարանների 16-18 տարեկան, ինչպես նաև միջնակարգ կրթությամբ և պարտադիր զինվորական ծառայություն անցած 20-22 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ազատ տիրապետում են հայերենին և ռուսերենին ու իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական տվյալներով ունակ են կատարելու ՀՀ ԱԱԾ զինծառայողի պարտականությունները:
Ընդունելությունը իրականացվում է մրցութային հիմունքներով` ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող համապատասխան բարդության աստիճանի հետևյալ քննությունների հիման վրա`
1. հարցազրույց ռուսերենով
2. ռուսաց լեզու (գրավոր` փոխադրություն)
3. հայոց լեզու (գրավոր` թելադրություն)
4. մաթեմատիկա - Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ
5. օտար լեզու (բանավոր) - ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ
6. ընդհանուր կրթամակարդակի ստուգում թեստավորման միջոցով
7. ֆիզիկական պատրաստվածության ստուգում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԱԱԾ ընդունարան` ք.Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 010 57 91 77 հեռախոսահամարով:

 

ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծում և ՀՀ մաքսային տարածքից արտահանում

1. Որ դեպքում է պահանջվում լիցենզիա
Ներքին սպառման բացթողնման կամ արտահանման նպատակով ծածկագրային միջոցների մաքսային գործընթացների մեջ ներառման համար անհրաժեշտ է մեկանգամյա լիցենզիա։

2. Որ դեպքում է պահանջվում եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)
Սեփական կարիքներն ապահովելու համար՝ առանց դրանք տարածելու և ծածկագրային ոլորտում երրորդ անձանց ծառայություններ մատուցելու իրավունքի, մաքսային տարածքում և մաքսային տարածքից դուրս վերամշակման, ներքին օգտագործման համար վերամշակման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման, տարանցիկ, ազատ մաքսային գոտի և ազատ պահեստ մաքսային գործընթացների մեջ ներառման համար անհրաժեշտ է եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ):

3. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի 11-րդ կետի համաձայն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք ԱԱԾ տնօրենի անունով ուղեկից գրությամբ ներկայացնում են՝
• լիցենզիա ստանալու մասին հայտը՝ լրացված ռուսերեն լեզվով (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 1-Ն առ 11.03.2015թ. Հրաման),
• հայտի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),
• հայտատուի գրավոր ծանուցումը՝ ծածկագրային միջոցների կազմում Միասնական ցանկի 2.16 բաժնով նախատեսված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների բացակայության մասին, իսկ դրանց առկայության դեպքում՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,
• ծածկագրային միջոցների տեխնիկական փաստաթղթերը,
• արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների կամ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:

4. Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի 15-րդ կետի համաձայն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք ԱԱԾ տնօրենի անունով ուղեկից գրությամբ ներկայացնում են՝
• եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի Ձև3՝ նույն Հրամանի Հավելված N5-ի մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված և ռուսերեն լեզվով լրացված),
• նախագծի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),
• ծածկագրային միջոցների տեխնիկական փաստաթղթերը,
• արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների կամ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:

5. Ինչպես է տրվում ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդը և որ դեպքում է պետք դիմել ՀՀ ԱԱԾ
ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդը տրվում է մաքսային ծառայության կողմից և այն պետք է ընդգրկված լինի Միասնական ցանկի 2.19 բաժնում (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 2-Ն առ 11.03.2015թ. Հրամանի Հավելված N2, թիվ 8-Ն առ 30.11.2015թ. Հրամանի Հավելված N2):

6. Ինչպես է տրվում ներկայացված հայտի պատասխանը
ՀՀ ԱԱԾ կողմից տրամադրվող պատասխաններն ուղղարկվում են հայտում նշված հասցեով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով:
7. Որքան ժամանակ է սահմանված հայտին պատասխանելու համար
Հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց հետո 20 օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում՝ մինչև 85 օր:
8. Որ դեպքում է անհրաժեշտ ձևակերպել ծանուցում (նոտիֆիկացիա)
Ծանուցումը (նոտիֆիկացիան) նախատեսված է ԵՏՄ տարածք նույն տեսակի ապրանքի յուրաքանչյուր ներմուծումը/արտահանումը իրականացնել առանց լիցենզիաի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացնելու՝ նոտիֆիկացիայի գործողության ողջ ժամկետում։ Բավարար է մաքսային մարմին ներկայացնել նոտիֆիկացիայի համարը, վերցված ԵՏՄ պաշտոնական կայքից։ Նոտիֆիկացիան ձևակերպում է ապրանքն արտադրողը կամ իր կողմից լիազորված անձը ցանկացած ԵՏՄ անդամ պետության լիազոր մարմնում, այդ թվում ՀՀ ԱԱԾ–ում։ Նոտիֆիկացիայի գործողության ժամկետը որոշում է արտադրողը և այն հիմնականում երկարաժամկետ է ( 5, 10 տարի)։